Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան․ «Ես կուզենայի՝ երեք նախագահները հավաքվեին, երաշխիք տային, որ Նիկոլ Փաշինյանը գնա»

Մայիս 28,2021 16:26

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ՀՀ երեք նախագահներին կոչ է անում հավաքվեն եւ միասին հայտարարություն ստորագրեն։

Այսօր «Հայելի» ակումբում պարոն Բագրատյանն ասաց․ «Ես կուզենայի երեք նախագահները հավաքվեին, երաշխիք տային, ախպեր, հավաքվեք, երաշխիք տվեք, թող սա ռադը քաշի, գնա։ Նիկոլ ջան, ցավդ տանեմ, գնա՛, եղբայր, գնա, կենդանի կմնաս, ես էլ քեզ կպաշտպանեմ։ Փող էլ բյուջեից դուրս կգրեն, տուն ա, ինչ-որ մի տեղ ապրի»։

Հրանտ Բագրատյանը սահմանային իրավիճակի մասին էլ ասաց՝ Ալիեւն էլի է խորանալու․ «Ալիեւն ասում է՝ կընտրվե՞ս, չես ընտրվի՞, եսիմ՝ քեզ ո՞նց կպահես, ինչքան կարամ՝ վերցնեմ։ Ու գիտի՝ «ինչքան կարա՝ վերցնի»-ի դիմաց հարված չի ստանալու Մոսկվայից, որովհետեւ Պուտինի ներկայությամբ սա «այո» է ասել»։

Նախկին վարչապետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ին դիմելը պարզապես «նիկոլական կռուտիտ է», դա տարածք հետ բերելու համար չէ․ «Դիմել էր, որ ասի՝ տեսա՞ք, դիմեցի»։ Ըստ Բագրատյանի, ՀԱՊԿ-ը ոչինչ էլ չի անելու։

Սահմանազատման եւ սահմանագծման փաստաթղթի մասին էլ Բագրատյանն ասաց՝ փաստաթուղթը Փաշինյանը ստորագրել է ու չի հրապարակում։ Հրանտ Բագրատյանի խոսքով․ «Ժողովրդի մեջ կա մի զանգված, որին Նիկոլ Փաշինյանը ժեխ է անվանում, ասում է՝ էս ժեխն ինչ կուզեմ՝ կանեմ․․․ Իր ասած ժեխը, իմ խոսքերով ասած՝ ժողովուրդը, իրան չի պաշտպանելու, էդ ժեխն էլ դնելու է իրան դատաստանի առաջ»։

Արցախի մասին էլ Հրանտ Բագրատյանն ասաց՝ այն հանձնած, պրծած է․ «Արցախը փորձում է փրկել Ռուսաստանը, որովհետեւ ՌԴ-ն ՀՀ տարածքային ամբողջականության մասով ավելի շատ հակված է զիջել Ադրբեջանին, բայց Արցախում պիտի մնա, ու այնտեղ սիմվոլիկ քանակությամբ հայություն պիտի մնա, այլապես եթե հայություն չկա, ՌԴ-ն զորք չի կարա պահի այնտեղ»։

Բագրատյանի խոսքով՝ Ալիեւը փորձում է պոկել այնքան տարածք, որքան մնացել է Արցախի տրամադրության տակ․ «Բացի այդ՝ փորձելու է Արցախին ոչ մի կարգավիճակ չտալ։ Քանի դեռ Նիկոլն է երկրի ղեկավարը, Հայաստանից այդ տարածքները նա կպոկի, ՀՀ-ից կմնա 25-26քմ կիլոմետր՝ լավագույն դեպքում, Արցախն էլ մերը չի լինի։ Ալիեւը փորձում է պոկել այնպիսի տեղերից, որ փորձի միջանցք բացի։ Վերջին շրջանում փոփոխություն է տեղի ունեցել ռուսական լրատվամիջոցների հռետորաբանությունում, նրանք խոսում են միջանցքի մասին, իսկ դրա վերաբերյալ որեւէ թուղթ մեզ հայտնի չէ։ Նիկոլը հայտարարել է՝ ոչ մի միջանցք չկա, բայց չի հայտարարել, որ միջանցքի վերաբերյալ փաստաթուղթ չեն ստորագրել»։

Պաշտպանության նախարարին էլ Հրանտ Բագրատյանն ասաց՝ որեւէ գործի անպիտան, տղամարդու պահվածքին ոչ հարիր, ԱԽ քարտուղարին ասաց՝ սուտասան, իսկ ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրեց, որ նա է, Բագրատյանի խոսքով ասած՝ վերացրել բոլոր «զապասնոյ» զորամասերը․ «Պարտության տասը պատճառներից մեկն էլ Արտակ Դավթյանն է։ Փաշինյանն էլ մեկին գործից չի հանում, ասի՝ ինչի՞ խրամատ չես փորել»։

Անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին, Հրանտ Բագրատյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը միայն կեղծիքի միջոցով կարող է շեմը հաղթահարել։

«Մինչեւ մեր ազգը չսովորի հաշվել սեփական փողերը, ու առավելություն տա ուրիշի փողերը հաշվելուն, մեր ազգը մարդ չի դառնալու, մեր ազգը պիտի սովորի՝ փող ունեք՝ հաշվեք, չունեք՝ մի հաշվեք, ուրիշի փողերը մի՛ հաշվեք ու անհիմն մարդկանց մի՛ ասեք կաշառակեր։ Սա պիտի լինի հուլիսի քսանի «մեսիջը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31