Արաբկիրում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրենք ընտրություններ չեն կեղծի, դավադրությունների մեջ չկան, բոլոր դավադրությունները կեղծիք են, իրենք էլ պարզ ու հստակ ամեն ինչ հանրությանը ասում են, նույնիսկ սխալներն են հրապարակային անում:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում, Դավիթաշենում իրենց համակիրների հետ:
Նա անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներին. «Անհեթեթություններ են գրում, թե վարչապետը կոմպրոմատների դոսյեներ է հավաքել «Իմ քայլի» պատգամավորների վրա, որպեսզի չփլուզվի: Ընդհակառակը, նրանք, ում վրա դոսյե կարող էր լինել, շատ լավ էլ թողեցին դուրս եկան: Մենք դոսյեով աշխատող չենք: Մեր հարաբերությունը արժեքի վրա է, ապագայի վրա է: Այսօր ասում են՝ ապագա կա՞, այո՛ ապագա կա, մի պայմանով որ ապագան չի ընկնում երկնքից, ամենօրյա աշխատանք, հետեւողականություն է ուզում: Ապագան ուզում է ամրություն, որ մենք չփախչենք մեր դիրքերից: Մենք չենք փախչում, կանգնելու ենք: Ժողովուրդը որոշի, որ մենք լինելու ենք իշխանություն՝ կլինենք իշխանություն, մենք չենք կեղծի մի քվեաթերթիկ, դա ասելով չի, բոլորը գիտեն»:
Խոսելով անվտանգության խնդրի մասին՝ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանցիները Շուշի էին ուզում, Ղարաբաղ էին ուզում, հիմա էլ Հայաստան են ուզում. «Բայց մենք պիտի կանգնենք ու ասենք, որ մենք չունենք Հայաստան որեւէ մեկին տալու: Բոլոր հնարավորությունները կան այս հարցը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ