Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան գոռանք դավաճան, ախորժակներդ փակվի մի քանի տարով… ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է, զենքով գնդակահարի». Փաշինյան

Մայիս 28,2021 15:45

«Դավաճանը դուք եք: Գոռալով չի: Եթե գոռալով է, այնքան գոռանք դավաճան, ախորժակներդ փակվի մի քանի տարով»,- այսօր Դավիթաշեն վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ նա հանդիպում էր ունեցել Մալաթիա-Սեբաստիայի, այնուհետեւ՝ Աջափնյակ համայնքի բնակիչների հետ:

Նա ասաց, որ գողն ամենաբարձրն է գոռում՝ գողացան. «Չկա նման բան, մենք չենք խեղճանալու այս պատմության մեջ»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատությանը, որ 44 օր հանրությանը խաբել են ու ասել՝ հաղթում ենք. «Բա ի՞նչ անեինք, պատերազմի ժամանակ ասեինք՝ փախչենք, ժողովուրդ, ասեինք՝ պարտվելո՞ւ ենք, որ հետո էլ ասեիք՝ դուք հաղթանակի համար չէիք պայքարում, պարտության համա՞ր էիք պայքարում: Ասում են՝ չեք ասել, որ տարածք ենք կորցնում, ո՞նց չենք ասել, քարտեզ է հրապարակվել»:

Փաշինյանը խոսեց այլ քննադատությունների մասին. «Սկզբում փորձում էին ասել, թե վարչապետի որդին չի եղել առաջնագծում, հետո սկսեցին ասել՝ ճիշտ է, առաջնագծում է եղել, բայց մի հատ ապահով տեղում է եղել: Երբ որ պարզվեց, որ որդուս ընկերը նույն խրամաբջիջի մեջ զոհվել է, մարմիններով իրար կպած են եղել, հասկանո՞ւմ եք, արկը չի կարող որոշել, որ զոհվողը այդ երկու տղաներից պիտի լինի…այդ տղայի անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը կա: Հիմա էլ եկել են, ասում են՝ 1800 հատ զոհ են տվել, որ վարչապետի որդուն էվակուացնեն: Վարչապետի որդուն ոչ ոք չի էվակուացրել, վարչապետի որդին իր ստորաբաժանումների հետ նահանջել է, ինչպես մյուսները»:

Փաշինյանի խոսքով՝ դավաճան գոռացողները թալանչիներն են. «Ասում են՝ ձեր օրոք պարտություն է եղել, բա ձեր օրոք Հոկտեմբերի 27 է եղել: Բա Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, եկեք պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի մասին, պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է եւ զենքով գնդակահարելու է երկրի առաջնորդներին: Բա պատասխան տվեք, Հոկտեմբերի 27-ի համար պատասխան չե՞ք տալու»:

Նա ասաց, որ նախկինում բանակը անասնակերով են կերակրել, բանակցել են Մեղրին տալու շուրջ եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31