Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, մինչեւ դիտորդները կգան». Փաշինյան

Մայիս 28,2021 15:14

«Շուռնուխի համար լացողները…ես հասկանում եմ, որ Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել, բայց լավ, թող իրենց կուսակցական բոսերին հարցնեն»,- այսօր Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագրի» համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց Հյուսիս-հարավ ճանապարհաշինության մասին. «Այն նախագծվել է մեզնից շատ առաջ՝ 2011-2012-ին, թե ոնց պետք է անցնի այդ ճանապարհը: Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը ՀՀ ոչ կապիտուլյանտ իշխանությունը նախագծել է հետեւյալ ձեւ՝ Հյուսիս-հարավը չի գնում հասնում Երասխ, պտտվում-բարձրանում  դեպի Պարույր Սեւակ ու Տիգրանաշեն, այլ գնում է դեպի Վեդի, շարունակվում Ուրցաձորով եւ գնում դուրս է գալիս Զանգակատան տակ: Դրա արդյունքում այդ ճանապարհը 70-100 մլն դոլարով ավելի թանկ է նստել: Բա ինչի՞ էիք այդպես գծում, 100 մլն դոլարի բարդացնում, թունելներ, չգիտեմ ինչեր: Ինչի՞ էիք այդպես անում, ա՛յ հայրենասեր բարեկամներ: Որպեսզի Տիգրանաշենով չանցնի, որովհետեւ այդ մեծ նախագծի մեջ միջազգային դոնորներ պետք է ներգրավված լինեին: Այդ իշխանությունն ասել է՝ այո, չենք կարող այդտեղով անցնել: Թող պատասխան տան»:

Նա հորդորեց անկլավների թեմայով իրենց չվախեցնեն. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն ասել է՝ 7 շրջանները տալիս ենք, Ադրբեջանն ասել է՝ ոչ: Պատկերացնո՞ւմ եք: Դա ես չեմ ասում: Սերժ Սարգսյանն ասում է՝ ամեն անգամ առաջադրում էր նոր պահանջներ: Պատկերացնո՞ւմ եք, 7 շրջանը տալիս են, ասում է՝ չէ, առաջադրում է նոր պահանջներ: Եկեք իրար հետ տրամաբանենք, Ադրբեջանն է՞լ ինչ պահանջ կարող էր առաջադրեր՝ Ղարաբաղը, Մեղրին, անկլավի հարց պիտի բարձրացներ»:

Փաշինյանը հայտարարեց, որ այն պատերազմից, որն այսօր Ադրբեջանն ուզում է մեզ պարտադրել, այդ պատերազմից կարելի է եւ պետք է խուսափել. «Ժողովուրդ ջան, ասում են՝ մի ասա, բայց ինչի՞ չասեմ, հո գողություն չե՞նք անում: Սեւ ջրի հետ կապված այդքան թեմա եղավ, Սովետական միության քարտեզներ հրապարակվեցին, մենք բոլորս տեսանք, որ այն վերեւի մի հատվածը անցնում է ջրի միջով: Հիմա նայենք, ուսումնասիրենք, եթե իրոք այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ չէ, այդ Սեւ ջրի այդ 30%-ի համար պատերազմ ենք սկսելու: Չի լինելու այդպես, ոչ, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Համանախագահող երկրներից մեկը նախնական արձագանքել է, հույս ունեմ մյուս երկու համանախագահողներն էլ կարձագանքեն, այսօր կարելի է դա անել: Ընդհանրապես առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, հետո մինչեւ դիտորդները կգան: Եթե մենք էլ չենք այդտեղ, ադրբեջանական կողմից բնակչութուն չկա այնտեղ, որ ասենք՝ բան կլինի: Մեր ժողովուրդը թող հոտերը, նախիրները արածացնեն, մինչեւ դիտորդները կգան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31