Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում ոնց որ ինքս ինձ հետ նորից ծանոթանամ». Ladaniva խմբի մեներգչուհի

Մայիս 28,2021 15:09

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որին հայկական ժողովրդական երգերի ինքնատիպ մեկնաբանությունները մեծ ճանաչում են բերել, մենահամերգով Երեւանում է:

Համերգը դեռ անցյալ տարի պետք է կայանար, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով:

«Լադանիվայի» հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանը եւ Լուի Թոմասը, որոնք «Դալան արտի» այգում մենահամերգից առաջ հանդիպեցին լրագրողների հետ:

«Շատ ուրախ եմ տեսնել ձեզ, մի քիչ հուզիչ է ինձ համար»,-ասաց Ժակլինը, որը 6 տարի չէր եղել Հայաստանում: Ինչ վերաբերում է Լուիին, սա նրա առաջին այցելությունն է մեր երկիր: Ժակլինն ասաց, որ խմբի անվան ընտրությունը հատուկ չի արվել, բայց մտածել են, որ խորհրդային տարածքի երկրներում «Լադա Նիվա» մեքենա վարողները շատ են եղել, բացի այդ՝ իրենց երաժշտությունն էլ ճանապարհորդություն է հիշեցնում, քանի որ տարբեր ժողովուրդների երգեր են կատարում: Նա շեշտեց, որ հատուկ երազանք չունի, բայց մեծ ցանկություն ունի ճամփորդել Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ այլուր ու ծանոթանալ տարբեր ժողովուրդների մշակույթների հետ:

Լուի Թոմասը եւս ճամփորդությունների եւ հնագույն մշակույթների սիրահար է, ասում է՝ տպավորվել է Հայաստանով օդանավակայանից սկսած, հավանել է հայկական ճարտարապետությունը, վայելել գիշերային Երեւանը, շատ գեղեցիկ է որակում հայկական այբուբենը:
Ժակլինն ասում է, որ 6 տարի անց Երեւանն իրեն ավելի հանգիստ է թվում ու ոչ մարդաշատ, ինչը նա պայմանավորում է Հայաստանում դժվար ժամանակներով: Նաեւ նկատում է, որ Երեւանում շատ են ոստիկանները:

«Ոնց որ նորից բացահայտեմ Երեւանը: Այն ժամանակ, որ գալիս էի Հայաստան, ավելի շատ Եղեգնաձորում էի անցկացնում, Երեւանում քիչ էի լինում…Ու հիմա նոր բացահայտում եմ շատ սիրուն տեղեր…Նայում եմ կողքերս, ասում եմ` վայ, սա իմ տունն է, ես էստեղից եմ եկել…Երեւանում ոնց որ նորից ինքս ինձ հետ ծանոթանամ»,-ասաց Ladaniva խմբի մեներգչուհին:

Նա նաեւ ժպտալով պատմեց, որ Լուիին զարմացրել է մի բան, որ հայերը խակ խնձոր ու ծիրան են ուտում. «Առաջ մտածում էր, թե միայն ես եմ ուտում, հետո տեսավ, որ Հայաստանում բոլորն են ուտում»:

Լուին ասաց, որ առաջին անգամ Ժակլինին լսել է անգլերեն ջազային ստեղծագործություն կատարելիս ու հասկացել, որ գործ ունի հրաշալի երգչուհու հետ: Հայկական երաժշտության հետ ծանոթությունն էլ եղել է, իր խոսքով, մելամաղձոտ մեղեդիների միջոցով, ինչն իրեն դուր է եկել:

Ժակլինը նշեց, որ սիրում է պարել, 7 տարեկանից զբաղվել է հայկական ժողովրդական պարով, համարում է, որ հայերեն խոսքն ու հայկական մեղեդիները շատ հետաքրքիր են հնչում ու յուրահատուկ են: Նա լրագրողների խնդրանքով նաեւ կենդանի ու առանց նվագակցության երգեց Շերամի «Պարտեզում վարդ էր բացված» երգը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31