Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մտքով չէր անցկացնի այս աստիճան լկտիանալ, եթե հաստատ չիմանար, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնելու, եւ Ռուսաստանն էլ «փայատեր» չէ, այս լարվածության մեջ». Ռուբեն Մեհրաբյան

Մայիս 28,2021 14:57

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ուղղակի կապ չի տեսնում Անվտանգության խորհրդի երեկվա նիստի եւ արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականի միջեւ: Ըստ նրա, այդ կապն առաջին հայացքից է, բայց եթե հաշվի առնենք օրեր առաջ փոխարտգործնախարարի հայտարարությունը, թե տեղյակ չէ սահմանների ճշգրտման այդ փաստաթղթից, ապա այդ կապն այնքան էլ չկա: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այլ ենթադրություններ չի կարող անել, քանի որ «այդ հավասարման մեջ անհայտները չափից ավելի շատ են՝ այդ հավասարումը լուծելու համար»:

Քննարկումը կազմակերպել էր «Մեդիա կենտրոնը»:

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նույնպես կապ չի տեսնում հրաժարականի եւ ԱԽ նիստի միջեւ՝ նշելով, որ վերջին ժամանակները արտգործնախարարության եւ վարչապետի աշխատանքները հարթ են եղել, համահունչ: Ըստ նրա, պետք է ստույգ տեղեկանալ՝ որն է եղել հրաժարականի պատճառը, որպեսզի կանխագուշակումներ չանել:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, մայիսի 12-ից հետո Հայաստանի բոլոր դիմումների գլխավոր հասցեատերը ՀԱՊԿ-ն է եւ Մոսկվան. «Հայաստանն իր պահուստներից հանեց այս 30 տարվա իրավապայմանագրային այն ամբողջ բազան, որովհետեւ, եթե այդ ամենը մենք ստորագրել ենք եւ հիմա չպետք է դնենք շարժման մեջ, ապա հարց է առաջանում՝ էլ ե՞րբ եւ ինչի՞ համար ենք ստորագրել: Բայց մենք տեսանք, որ դա մեզ որեւէ օգուտ չի տալիս, նույնիսկ բարոյական աջակցության բացակայության պայմաններում մեզ փորձում են կերակրել կեղծ օրակարգով եւ, զրոյական գումարով խաղի տրամաբանությամբ՝ մի նոր կռիվ են փորձում գցել այստեղ՝ ընդ որում, այնպես, որ էքսկլյուզիվ արբիտրի դերը Մոսկվան վերապահի իրեն: Եվ բնական է, թե ուր էր տանելու նման դասավորությունը: Այն տանելու էր հայկական շահերի հաշվին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններ ճշտելուն, իսկ Հայաստանը դառնալու էր ուղղակի մանրադրամ: Եվ բնական է, որ սա լինել չի կարող»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ԱԽ նիստում վարչապետի երեկվա հայտարարությունը, որով նա դիմեց Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ Ադրբեջանին, առաջարկ էր, որը փոխանցում էր մեր միջազգային գործընկերներին. «Այդ փոխանցումը եղավ, փաստորեն նրանք սպասում էին մեզնից փոխանցման եւ հաշված ժամերում մենք լսեցինք հայտարարություններ, որոնք համահունչ են պաշտոնական Երեւանի առաջարկին: Հիմա տեսնենք ինչ զարգացում կլինի առաջիկա ժամերին կամ օրերին»:

Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, իշխանությունները ճիշտ ճանապարհով գնացին, երբ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո դիմեցին նաեւ միջազգային գործընկերներին, քանի որ ակնհայտ է, որ այս հակամարտության մեջ ՀԱՊԿ-ը պաշտպանում է Ադրբեջանին:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին նույնիսկ 4-րդ հոդվածով դիմելու իմաստ էլ չկա: Եվ, երբ Հայաստանը դիմեց ԵԱՀԿ-ին, Ռուսաստանը, որպես քայլ, ոչ թե արեց այն, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրի, այլ Ադրբեջանը 6 նոր գերի վերցրեց. «Դա նշանակում է, որ Ադրբեջանը գործում է համաձայնեցված սցենարով եւ այն համաձայնեցնում է Ռուսաստանի հետ»:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, Հայաստանի իշխանությունները չընկրկեցին այդ ճնշումներից եւ դիմեցին միջազգային գործընկերներին. «Ադրբեջանը սրընթաց գնում է դեպի բախում եւ բախումից խուսափելու միակ քայլը դա էր: Նիկոլ Փաշինյանը դիմեց եւ շատ օպերատիվ արձագանքը եղավ՝ ե՛ւ Միացյալ նահանգներից ե՛ւ ԵԱՀԿ-ից, որը պատրաստակամ է աջակցելու»:

Պարոն Խուրշուդյանի խոսքով, այս առումով բավականին բացասական զարգացում էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար:

«Ադրբեջանի քայլերն անարձագանք թողնելու դեպքում Հայաստանի իշխանությունները պարտավոր կլինեն բարձրաձայնել այն մասին, որ Ռուսաստանը խախտում է պայմանագրերը եւ ՀԱՊԿ-ն է խախտում պայմանագրերը: Իսկ պայմանագրերը խախտելու դեպքում պետք է չեղյալ հայտարարվեն եւ Հայաստանի համար նոր անվտանգային միջավայր ձեւավորվի՝ նոր գործընկերների հետ»:

Ըստ պարոն Խուրշուդյանի, գուցե արտգործնախարարի հրաժարականը հենց այդ պատճառով է, ինչը նա բացասական գնահատեց որպես քայլ:

Թե որը կլինի Ռուսաստանի դիրքորոշումը այս ամենին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ռուսաստանը մի առեղծված է, որը «մատրյոշկաների» նման իր մեջ պարունակում է ավելի փոքր առեղծված, հետ ավելի փոքր եւ այդպես շարունակ: Բայց կա որոշակի տրամաբանություն ու կա որոշակի ուժերի հարաբերակցություն: Այս իրադարձությունները ռուսական քաղաքականության համատեքստում դիտարկելը, կարծում եմ, ճիշտ է: Առջեւում է Պուտին-Բայդեն հանդիպումը եւ մենք տեսնում ենք, թե՛ Միացյալ նահանգների թե՛ Ռուսաստանի Դաշնության կողմից զգուշավորություն, որպեսզի դիմացինի համար անհարմարություն չստեղծեն»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, մինչ այդ հանդիպումը դժվար թե կտրուկ գործողություններ լինեն, բայց «կծոցներ, խայթոցներ» մենք կտեսնենք եւ դա համընկնելու է մեր երկրում տեղի ունեցող արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանի հետ. «Չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք այս նեղ դռնով անցնենք եւ կարողանանք «ռեսթարթ» ապահովել այս իշխանությունների համար, որպեսզի առաջին քայլով հնարավոր լինի ինքնավար որոշումներ կայացնելու հնարավորությունը վերականգնել»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Ադրբեջանը մտքով չէր անցկացնի այս աստիճան լկտիանալ, եթե հաստատ չիմանար, որ ոչ մի ՀԱՊԿ էլ մեզ չի օգնելու, եթե նա հաստատ չիմանար, որ Ռուսաստանը մեզ չի օգնելու եւ, եթե հաստատ չիմանար, որ Ռուսաստանը «փայատեր» չէ, այս լարվածության մեջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31