Լրահոս
Օրվա լրահոսը

Նման պայմաններում համաձայնություն տալն արդեն անձնազոհության գնալու պատրաստակամության նշան էր. Աշոտ Ղուլյանը՝ Արա Այվազյանի մասին

Մայիս 28,2021 14:38

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը

Արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականի հետ կապված ճիշտ չէր լինի լուռ մնալը, թեկուզև վերջին 15-20 օրերին որևէ բան ասելու կամ գրելու ցանկություն չկա: Խոսքը, միտքը լրիվ արժեզրկել են. կարծես խոսողների պակաս չկա, բայց այս աղմուկի մեջ ոչ մի ռացիոնալ լուծում, օրեցօր վատթարացող ու անհասկանալի վիճակում ենք հայտնվում, գահավիժում ենք, մեր աչքի առաջ հիմքից քանդվում են պետականության հենասյուները:

Հենց այս տեսանկյունից եմ ուզում անդրադառնալ երեկ ուշ երեկոյան տարածված հրաժարականի լուրին. խորը ափսոսանք, բայց դրա հետ մեկտեղ՝ մարդկային պարզ շնորհակալության զգացմունք: Ենթադրում եմ, որ շատերի համար Արա Այվազյանի նշանակումն էլ անսպասելի որոշումների շարքից էր: Նման պայմաններում համաձայնություն տալն արդեն անձնազոհության գնալու պատրաստակամության նշան էր:

Ովքեր ճանաչում են Արա Այվազյանին, պետք է նույնը պնդեն, որ նրա համաձայնության միակ բացատրությունը ՀՀ արտգործնախարարության համակարգը (երեսուն տարիներ ի վեր քար առ քար շարված) քանդելուց փրկելն էր:

Վստահ եմ, որ նա ամեն ինչ արել է վտանգավոր քայլերը կանխելու կամ գոնե դրանք հետաձգելու համար: Մնում է միայն պատկերացնել, թե «դանակը ինչքան էր ոսկորին հասել», որ նա ընդունել է հեռանալու որոշումը: Ներքին խոհանոցին ծանոթները կարող են միայն պատկերացնել, թե ինչպիսի բարդ ու ծանր ժամանակահատվածում է նա ստանձնել երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը և ինչպիսի դժվարին պայմաններում է ստիպված եղել պաշտպանել ազգային շահերը և պրոֆեսիոնալ դիվանագետին հատուկ սկզբունքայնությունը: Եվ այս ամենը՝ հակասական, հաճախ ավանտյուրային, միջազգային գործընկերներին անհասկանալի արտաքին քաղաքական ուղեգծի պայմաններում, որին ընդունակ են մայր հայրենիքի օրվա իշխանությունները:

Անընդունելի է, երբ ազգի ու պետության ճակատագրի հետ կապված հարցերը լուծվում են ծնկի վրա ստորագրված որոշմամբ, ոտքի վրա ընդունած վճիռներով: Պետական կառավարումն ավելի լուրջ պատրաստվածություն է պահանջում, դրա համար էլ այն չի վստահվում միայն քաղաքական գործիչներին:

Բանակի և մյուս ռազմական կառույցների վճռական ու կամային հատկանիշներով օժտված հրամանատարական կազմը, պրոֆեսիոնալ դիվանագիտական անձնակազմը, տնտեսության, կրթության, առողջապահության ոլորտների հմուտ կառավարիչները պետք է չհիասթափվեն երկրի բարձրագույն քաղաքական իշխանություններից:

Պարոն նախարար, Դուք երկրի վարկանիշը, դիվանագիտական ծառայության ղեկավարի նշաձողը պահել եք արժանապատվորեն: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31