Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը խոսեց իրենց ուղղված մեղադրանքների մասին. «Սկսած նրանից, որ մենք սատանայի հետեւորդներ ենք, բոլոր հնարավոր մեղադրանքներն ասում են, ինչում մարդուն ու կառավարությանը հնարավոր է մեղադրել: Սա բացառիկ իրավիճակ է: Այն բոլոր մեղադրանքներում, ինչում մեզ մեղադրում են, այդ մեղադրանքների ճնշող մեծամասնության, էական մեղադրանքների մեջ մենք մեղավոր չենք: Եթե տեղեկատվության մակարդակում դա չգիտեք, գոնե զգացողությամբ, արժեքների մակարդակում դա գիտեք»:
Նա ասաց, որ իրենք ամաչելու ոչ մի բան չունեն. «Ծանր ժամանակաշրջանում ենք ապրում, բայց այն փորձությունը, պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից հնարավոր չէր խուսափել: Դա մի երկրաշարժ էր, որ շատ բաներ փլուզեց: Բայց երբ երկրաշարժ է լինում ու շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան այն է, որ դե ցեմենտը կերել էին, շինարարությունը նորմալ չէին արել, դրա համար էլ այդպես եղավ: Այս դեպքում էլ այսպես կարող ենք ասել: Հիմա մենք ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նախկիններն են մեզ մեղադրում: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւակերպում է, որ Ղարաբաղի հարցում այս էին անում, այն էին անում, բայց շատ չի ձեւակերպում, թե Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր ու այսօր որն է: Պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման իր պատկերացումը հետեւյալն է՝ պետք է տանք ամբողջությամբ Ղարաբաղը Ադրբեջանին ու դրանով փակենք հարցը: Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ: Ես ասում եմ՝ բա ինչի՞ իրենց դավաճան չեք հանում, որովհետեւ ձեր կուսակցությունից են, դրա՞ համար: Երբ որ նրանց կհանեք դավաճան, այն ժամանակ իրավունք կունենաք այդ բանի մասին խոսել»:
Փաշինյանը հայտարարեց՝ այսօր նախկին իշխանություններից որեւէ մեկը մեզ որեւէ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունի. «Քոչարյանն ասում է՝ բա եթե վարչապետը Թուրքիայի գործակալ լիներ, ուրիշ ի՞նչ պետք է աներ: Բա եթե 1999-ի ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, էլ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե ոչ Հոկտեմբերի 27: Պիտի գործակալը անվտանգության նիստ հրավիրեր, ասեր՝ գիտեք ինչ, պետք է Մեղրին տանք ու դրանից հետո հոկտեմբերի 27 պետք է լիներ»:
Խոսելով Մեղրիի փոխանցման ծրագրի մասին՝ Փաշինյանն ասաց. «Այդ փաստաթղթում ասվում է, որ Մեղրիի շրջանը փոխանցվում է Ադրբեջանի հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղը, Շուշիի շրջանը եւ Լաչինի շրջանը փոխանցվում է Հայաստանին: Դուք ձեւակերպմանը ուշադրություն դարձրեք՝ Շուշին առանձնացված է Լեռնային Ղարաբաղից ու Լաչինի հետ դրված է նույն շարքի մեջ: Շատ ներկայացուցիչներ ասում են՝ Շուշիի հարց չի եղել, ընդհուպ նաեւ մեր ԱԳՆ-ից ասում են՝ չի եղել, հետո թեմա եղավ, մենք մինչեւ վերջ բացեցինք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ