ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի գնահատմամբ, Հայաստանում ընթացող գործընթացները որոշակիորեն նման են ՌԴ-ում ընթացող զարգացումներին: «ԽՍՀՄ անկումից 30 տարի անց թե ՌԴ-ում, թե ՀՀ-ում պետականության ճգնաժամ է, այդ մարտահրավերները սպառնում են հայկական պետականությանն առհասարակ` նոր պատերազմի եւ քաղաքական անկայունության իրավիճակ բերելով»,- այսօր Հանուն սոցիալական արդարության կուսակցության (ՀՍԱԿ) եւ «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետը` հավելելով, որ ուստի Հայաստանում ընթացող գործընթացները պետք է ամբողջական դիտարկել`ՀՀ-ի հեռանկարի առումով, ոչ թե այն հարթությունում, թե ո՞վ կհաղթի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Ըստ բանախոսի, ՌԴ սահմաններին սպառնալիքները շատ են եւ ռուս խաղաղապահները տարբեր հատվածներում ստիպված են կանգնել, շատերն են խոսում այն մասին, որ նոր պատերազմից խուսափել հնարավոր չէ. «Այժմ պատերազմ է ընթանում մշակութային եւ լրատվական դաշտում: Ռուս հասարակությունը գիտակցում է, որ ապրում է պատերազմի պայմաններում: ՌԴ-ում շատերը գտնում են, որ երկրում իշխանությունը լավը չէ եւ պետք է հակառակորդին օգնել, շատերը հակառակ կարծիքին են»:
Ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ՀՀ-ում, ըստ փորձագետի, հասարակությունները երկփեղկված են, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, դա նորմալ է, բայց եկել է ընտրություն կատարելու ժամանակը. «30 տարի առաջ, երբ ԽՍՀՄ փլուզումով եկավ առաջին բեկումը, իրավիճակը այլ էր. հայ հասարակությունը միակամ էր`ՀՀ անկախության կողմնակից էր, իսկ այժմ ՀՀ-ի ապագայի վերաբերյալ մոտեցումները տարբեր են: Իսկ Հայաստանի ապագան մշուշոտ է: Եթե օբյեկտիվ գնահատենք Հայաստանում իրավիճակը, ապա եւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մասով այն փակուղային է»:
Միաժամանակ, ըստ Վլադիմիր Լեպեխինի, կա թշնամի, որը կանգ չի առնելու ոչնչի առջեւ եւ շարունակելու է էքսպանսիան`հայկական տարածքների նկատմամբ: Նրա գնահատմամբ, Ադրբեջանը դրա համար օբյեկտիվ պատճառներ ունի`իր բնակչության թվաքանակը մեծանում է եւ օբյեկտիվորեն նոր տարածքների անհրաժեշտություն է առաջանում, իսկ ՀՀ բնակչության թվաքանակը նվազում է`տարբեր պատճառներով:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն էլ բացատրեց, թե ինչո՞ւ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցում արտահերթ ընտրություններին. «Մեր երկրում այժմ ճգնաժամ է, որը շաղկապված է Հայաստանի ներքաղաքական օրակարգի եւ տարածաշրջանի ու Հայաստանի սահմանների առկա իրավիճակի հետ: Այդ իրավիճակը մեզ թույլ չի տալիս այժմ անցկացնել ընտրություններ, քանի որ ընտրությունները քաղաքական ուժերի միջեւ պայքար են, որը չի կարող մեր երկրում ազդել ազգային կոնսոլիդացիայի վրա`դրական առումով»:
Ընտրական հիմնական պայքարը, Արման Ղուկասյանի կարծիքով, գնալու է երկու բեւեռների միջեւ. ՀՍԱԿ-ը չեզոք է լինելու եւ վստահ են, որ հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: «ԱԺ-ում մեր հայտնվելն ինքնանպատակ չէ: Մեր նպատակն է, որ երկիրը լինի խաղաղ, կայուն եւ ուժեղ: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ՀՀ բոլոր մարզերում`էլ ավելի ակտիվ եւ պատրաստվելու ենք հաջորդ քաղաքական գործընթացներին: Ցանկանում ենք, որ մեր երկրում խաղաղություն լինի եւ խաղաղության համար ներդրումը բոլորս պետք է անենք»,- ասաց Արման Ղուկասյանը:
Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ նկատեց, որ Հայաստանը պետք է անկեղծ եւ թափանցիկ գործընկեր լինի իր դաշնակիցների համար`ընդգծելով, որ ՀՍԱԿ-ը ամուր է իր դիրքորոշման մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ