«Դժվարին ժամանակներ ենք ապրում, եւ մեր մաղթանքն է, որպեսզի ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ոգեշնչվի Սարդարապատի խորհրդով, որը բանաձեւել է Պարույր Սեւակն իր խոսքերով՝ երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»,-Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։
«Մեր պատգամն է, որպեսզի ազգի ամեն զավակ լինի հայրենիքի նվիրյալ խենթը եւ հայրենիքի սիրով միաբանված՝ մեկ կամք, բռունցք ու սիրտ դարձած՝ լցվենք հայրենիքի զորության կերտմանը եւ միասնական ջանքերով մեր սահմաններից հեռու վանենք բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են պետականությանը, ինքնությանը»,-հավելեց նա։
Սահմանային իրավիճակի եւ իշխանության քայլերի առնչությամբ ամենայն հայոց կաթողիկոսը չցանկացավ խոսել՝ ասելով, որ օրվա խորհրդից բացի քաղաքական հարցերը չի ուզում մեկնաբանել․ «Օրվա պատգամով առաջնորդվենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ