«Չէի կիսի ձեր կարծիքը ձեւակերպումների առնչությամբ։ «Թիմ», եւ այլն․․․ինձ համար խիստ կարեւոր է պետականությունը եւ այսօրվա պետականության հանդեպ առկա վտանգը, որը համախմբում է պետականամետ գործիչներին»,-Սարդարապատի հուշահամալիրիում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ընդգրկվել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նախընտրական ցուցակում։
«Այլեւս երկրորդական է որեւէ քաղաքական ուժի գոյությունը, երբ վտանգված է պետականությունը»,-համոզմունք հայտնեց Սերգեյ Բագրատյանը։ Նկատառմանն ի պատասխան, որ հենց Նիկոլ Փաշինյանն է վտանգել պետականությունը՝ Սոթքից մինչեւ Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու իր առաջարկով ՀՀ սահմանները դարձնելով վիճելի, Սերգեյ Բագրատյանն ասաց․ «Քանի դեռ այս իշխանությունը համարվում է լեգիտիմ ընտրված, չենք կարող հակառակը պնդել։ Եթե ընտրությունների ընթացքում ժողովուրդն այլեւս չի վստահի այս իշխանությանը, եւ դրա մեջ կնկատվեն նաեւ ձեր նշած տարրերը, իրավական գործընթացով պետք է ապացուցել, որ կա նման խնդիր»։
Լրագրողի հարցադրմանն ի պատասխան, որ երբ քարոզարշավի ժամանակ իր հայրենի Վայոց ձորում քաղաքացիները հարցնեն՝ գերիներին ինչպե՞ս են վերադարձնելու, ի՞նչ է Բագրատյանը պատասխանելու, վերջինս նշեց․ «Ընտրողներիս նախ հարցնելու եմ, թե ինչ են նախընտրում՝ ազատ դատական համակա՞րգ, թե խմբային շահերի սպասարկում։ Նման հարցերի պատասխանն ինչպես որ քաղաքացին նախընտրի, այդպես պետք է առաջնորդվի»։
Դառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտմանը՝ Բագրատյանը շեշտեց, որ ուժային մեթոդների դիմելը հղի է պատերազմով։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ