Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մինասյան. Ադրբեջանը փորձում է Հայաստանի տարածքում սանձազերծել լայնածավալ ռազմական գործողություններ. «Հայկական ժամանակ»

Մայիս 28,2021 09:30

Ինչո՞ւ է Հայաստանը հապաղում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, եւ արդյոք դեռ պե՞տք է սպասելիքներ ունենալ ՀԱՊԿ-ից. այս հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ.

– Պարոն Մինասյան, մեր սահմանին իրավիճակը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ մեր 6 զինծառայողներ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից: Կան այսպիսի տեսակետներ, որ իրավիճակի այս լարումը ԱԺ-ում վարչապետի հայտարարությունների, ՀԱՊԿ-ի քննադատության պատասխանն էր: Համամի՞տ եք այդ գնահատականի հետ, ինչով եք պայմանավորում այս լարվածությունը:

– Գնահատականի հետ համամիտ չեմ, կարծում եմ գործ ունենք ավելի բարդ եւ ընդարձակ գործընթացի հետ: Անհրաժեշտ է իրավիճակի փոփոխությունը դիտարկել մայիսի 12-ից ի վեր: Այս ավելի քան 2 շաբաթվա ընթացքում մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրավիճակի միտումնավոր լարման փորձերին. օրինակ, հաճախակիացել են սահմանին զինծառայողների ձեռնամարտերի դեպքերը, տեղի ունեցավ հայ զինծառայողի սպանություն, գերեվարվեց 6 հայ զինծառայող: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է մեծացնել լարվածությունը սահմաններին եւ իրավիճակի հետագա զարգացումը տանել իր համար ցանկալի սցենարով՝ այն է Հայաստանի տարածքում սանձազերծել լայնածավալ ռազմական գործողություններ, ինչի արդյունքում նա կկարողանա լուծել ինչ-ինչ հարցեր, որոշակի նպատակներ:

– Կան քննադատություններ, թե ինչու իշխանությունները ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից հույսները չեն կտրում եւ չեն դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Ի՞նչ կտա մեզ այդ խորհրդին դիմելը:

– Հայկական կողմը հստակ հայտարարել է, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նախ եւ առաջ դիվանագիտական եւ խաղաղ բանակցային եղանակներով: Ավելին՝ միջազգային տարբեր դերակատարներ, այդ թվում մեր գործընկեր երկրները, հանդես գալով հայտարարություններով՝ կոչ են անում իրավիճակը կարգավորել միմիայն խաղաղ միջոցներով: Հայկական կողմը մինչ օրս գործարկել է իր տրամադրության տակ եղած մի շարք դիվանագիտական եւ ռազմաքաղաքական մեխանիզմներ. դրանցից են ՀԱՊԿ-ի շրջանակում 2-րդ հոդվածով խորհրդակցությունների նախաձեռնումը, հայ-ռուսական երկկողմ դաշնակցային պայմանագրի շրջանակներում ռազմական աջակցության հարցով դիմումը, ինչպես նաեւ երկկողմ կոնսուլտացիաները եւ խորհրդակցությունները տարբեր երկրների հետ:

Սակայն պետք է արձանագրել, որ գործադրված դիվանագիտական մեխանիզմները եւ տարբեր դերակատարների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող ճնշումները դեռեւս չեն տվել բավարար արդյունք, եւ մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության աճին, ինչի արդյունքում իրավիճակը դարձել է բավական պայթյունավտանգ: Կարեւոր է, որ այս իրավիճակը հաշվի առնեն նաեւ միջազգային տարբեր դերակատարներ՝ փորձելով առավել հստակ դիրքորոշում որդեգրել եւ առավել գործուն լծակներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Իհարկե, հայկական կողմի դիվանագիտական գործիքակազմը դեռեւս չի սպառվել. թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում 4-րդ հոդվածով դիմելու հնարավորությունը կա, զուգահեռաբար հայ-ռուսական երկկողմ ձեւաչափում դեռեւս կան հնարավորություններ, եւ կարծում եմ, այս առումով բավական կարեւոր է Հայաստանի Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի այցը Ռուսաստան: Ենթադրում եմ այնտեղ որոշակի ճշգրտումներ կլինեն այս առումով, եւ իհարկե, Հայաստանը կարող է դիտարկել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հնարավորությունը կամ տարբերակը: Սակայն այստեղ կան մի քանի նրբություններ. ցանկացած քայլ պետք է բավական ճիշտ հաշվարկված լինի:

Վերջին շրջանում Հայաստանի հանրային եւ քաղաքական շրջանակներում բավական ակտիվացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու պահանջը, սակայն այս առումով կարեւոր եմ համարում մի քանի հստակեցումներ անել ընթացակարգային առումով. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու համար բավական կարեւոր է ունենալ երկու կարեւոր երաշխիք. առաջինը վերաբերում է արդյունքին, այսինքն` դիմումի առկայության դեպքում պետք է ունենալ բավարար երաշխիքներ, որ արդյունքում կընդունվի բանաձեւ՝ մեզ համար ցանկալի շեշտադրումներով, այսինքն` կլինի հստակ արձանագրված, որ ադրբեջանական կողմը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, բացի այդ, կլինի արձանագրված պահանջ, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը, ինչպես նաեւ կնշվեն սանկցիաները, որոնք կարող են կիրառվել ադրբեջանական զորքերի չհեռանալու դեպքում:

Երկրորդ կարեւոր հարցը, որ պետք է հաշվի առնել՝ դա բանաձեւի ընդունման իրատեսականությունն է: Ըստ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերի, որեւէ բանաձեւ ընդունվելու համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը քվեարկեն կողմ, եւ այդ 9 ձայների մեջ պարտադիր պետք է լինեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան: Եթե այս 5 անդամներից որեւէ մեկն էլ վետո կիրառի կամ անգամ ձեռնպահ քվեարկի՝ բանաձեւը կարող է չընդունվել: Եվ հետեւաբար, եթե հայկական կողմը որոշի գնալ այս քայլին, բավական կարեւոր է լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ տարվեն, որպեսզի մենք ունենանք իմ նշած երկու երաշխիքները: Հակառակ դեպքում մենք կարող ենք ունենալ գործընթացի տապալում կամ մեզ համար ոչ ցանկալի արդյունք:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31