Լրահոս
Օրվա լրահոսը

«7 կիլոգրամ փաստ կա, իմանայի՝ կբերեի դատարան»

Մայիս 28,2021 14:00

Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի խմբավարներ Հասմիկ Խաչատրյանը, Սոֆյա Հանյանը, նկարչության խմբակի ղեկավար Վահրամ Կաթրջյանը հանցագործության մասին հաղորդումով դիմել էին իրավապահներին: Մեկ որոշմամբ մերժել են քրգործ հարուցել, բայց հիմա նրանց բողոքը երեք տարբեր դատավորների մոտ է: Ինչպե՞ս է պատահել:

Որոշումը տարբեր ժամկետներով են ուղարկել հաղորդում տվողներին, մեկի հասցեն Բաբաջանյանի փոխարեն Բագրատունի են գրել, մեկն առձեռն է ստացել, քանի որ փոստով տեղ չի հասել, իսկ դատախազը, քննիչը դատարան չեն գալիս, որ ասեն՝ ինչո՞ւ միացյալ չեն լսվում բողոքները, ինչո՞ւ է այս որոշումը վիճարկվում երեք տարբեր դատավորների մոտ, ինչո՞ւ գոնե բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող դատախազը կամ քննիչը դատարանին չեն տեղեկացնում այդ մասին, երբ բողոքաբեր կողմը կարող էր այդ մասին չիմանալ:

Նախորդ օրվա ժ.17.30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Պապոյանի նախագահությամբ նշանակվել էր Վահրամ Կաթրջյանի բողոքի քննությունը:

Կաթրջյանն օրեր առաջ դիմել էր ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակ, նրա ներկայացուցիչը դատարանում Ֆերդինանդ Սարգսյանն է, ով, սակայն, չէր ներկայացել դատարան՝ մեկ այլ գործով ներգրավված լինելու պատճառով:

Քննիչն ու դատախազն էլ դատարանին անհայտ պատճառով չէին ներկայացել, նրանք նաեւ չէին ուղարկել իրենց պատասխանը, առարկությունները, որով հնարավոր կլիներ բողոքը լսել: Վ. Կաթրջյանը դիմելով դատարան՝ ասաց. «7 կիլոգրամ փաստ կա, իմանայի՝ կբերեի դատարան»:

Քննիչի, դատախազի չներկայանալու պատճառով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 17-ին:

«Առավոտին» Վ. Կաթրջյանը դատական ձախողված նիստից հետո ասաց՝ հաղորդում էին տվել, որ 2011թ. հետո իրենք օգոստոս ամսվա համար աշխատավարձ չեն ստացել, իսկ վերջին երկու տարվա ընթացքում վարձատրվել են մասամբ:

Կենտրոնի տնօրենը 2010 թ.-ից Նարինե Արամյանն է: Վ. Կաթրջյանը կենտրոնում աշխատում է 1980թ. սեպտեմբերի 1-ից: Նա պայմանագիր է կնքել նախկին տնօրենի օրոք: Նրա խոսքով՝ Ն. Արամյանի հետ ինքը պայմանագիր չի կնքել: Նախկին տնօրենի օրոք աշխատավարձ է ստացել 71 հազար դրամի չափով, իսկ Արամյանի օրոք՝ աշխատավարձը սկսել են վճարել ժամավճարով, այսինքն՝ նվազել է աշխատավարձը:

Կենտրոնում պարապմունքներ են անցկացրել շաբաթը 2 անգամ, 9 ակադեմիական ժամով, ապահովելով շաբաթվա ընթացքում 18 ժամ դրույքաչափը, որի համար նախատեսվում է 14-18 երեխա, 7 երեխան 1 խումբ: 1 ակադեմիական ժամը 30 րոպե է, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ չորս ժամ:

Իրավապահներին հաղորդման մեջ հայտնել էին, որ 2017-ին Հասմիկ Խաչատրյանին աշխատավարձի վերաբերյալ տրված տեղեկանքում աշխատավարձի չափը չի համապատասխանում իրականում ստացված աշխատավարձի չափին: Վիճարկվող ժամանակահատվածում, ըստ զրուցակցիս, օգտագործվել են տարբեր կնիքներ՝ երեքից-չորս, պայմանագրում կասկած է հարուցել մյուս բողոքաբերի՝ Հանյանի ստորագրությունը:

Անցյալ տարի փետրվարի 16-ին հարուցվել էր քրեական գործ, իսկ այս տարվա փետրվարի 21-ին հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացվել Նարինե Արամյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ վարույթը կարճել:

Վահրամ Կաթրջյանն ասաց՝ մինչ որոշում կայացնելը, ավագ քննիչ Ա. Բարսեղյանը չի ծանոթացրել գործի նյութերին, զրկել է իրացնել իրենց իրավունքները: Քննիչին ներկայացվել են տարբեր ապացույցներ, փաստեր, փաստաթղթեր, որոնք ըստ բողոքաբերի, իրավական գնահատական չեն ստացել: Այս քննիչը սխալ հասցեով էր ուղարկել վարույթը կարճելու մասին որոշումը, ինչը տեղ չէր հասել, եւ այն առձեռն կողմը ստացել է մարտի 30-ին: Հաղորդում տվող անձինք կարծում էին, որ իրենք տուժող կճանաչվեն, մինչդեռ նախաքննական մարմինն այդ կարգավիճակը նրանց չի տվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31