Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապագա լրագրողներն այցելեցին Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան

Մայիս 28,2021 13:00

Օրերս Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի քանի ուսանողներ, որոնք հետագայում ցանկանում են ընտրել ռազմական լրագրողի ուղին, ֆակուլտետի դասախոս, կապիտան Նաիրա Համբարձումյանի ուղեկցությամբ այցելեցին ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան։

Ապագա ռազմական լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ ԱԹՍ-ների, ՀՕՊ-ի ուսումնավարժական կայանքին, կապի միջոցներին, լսեցին համառոտ դասախոսություններ, ինչպես նաեւ վարժասարքերի միջոցով ավելի տպավորիչ դարձավ զինտեխնիկայի շահագործումը եւ գործունեությունը: Ապագա ռազմական լրագրողներից մի քանիսը ներկայացրին իրենց տպավորությունները:

«Մեր այցը ռազմական ավիացիոն համալսարան տպավորիչ եւ բազմաբովանդակ էր։ Շատ կարեւոր եմ համարում նման այցերը, քանի որ լսարանային պայմաններում որքան էլ դասախոսությունը լավ մատուցվի, ուսանողներս չենք կարող պատկերացնել եւ ընկալել այնպես, ինչպես գործնականում։ Ստացած գիտելիքից բացի, որոշ վարժասարքերի փորձարկման ընթացքում ունեցած զգացողությունները, ստացած էներգիան եւս աննկարագրելի են։ Թեեւ լրագրողի գործը հակամարտություն լուսաբանման միջոցով «կռիվ տալն» է, այնուամենայնիվ, կարծում եմ՝ հայկական բանակի սպառազինության որոշ տեսակներին ծանոթ լինելը, դրանց գործառույթի, կիրառության մասին որոշակի գիտելիքներ, ինչպես նաեւ կրակային պատրաստվածություն ունենալը եւս կարեւոր են մեզ համար՝ առաջին հերթին՝ որպես պատերազմական երկրի քաղաքացիներ, ապա՝ որպես ռազմական լրագրողներ: Նման այցերը կարեւոր են նաեւ ազգ-բանակ կապի ամրապնդման, ինչպես նաեւ փորձառու զինվորականների հետ շփվելու, նրանց հետ բովանդակալից եւ հետաքրքիր զրույցներ ունենալու համար, քանի որ դրանք առանցքային դեր պիտի ունենան մեր հոգեկերտվածքի եւ մասնագիտական աշխարհընկալման ձեւավորման գործում»,-նշեց Հասմիկ Անդրեասյանը:

«Հանդիպումն անչափ տպավորիչ էր եւ հիշարժան, աննկարագրելի հուզված էի, երբ վարժասարքերով փորձում էի կառավարել անօդաչու թռչող սարքը եւ հուզմունքս կրկնապատկվեց, երբ մի պահ պատկերացրի, թե ինչ է զգում իրական ԱԹՍ կառավարողը։ Հիացած էի կուրսանտների բանիմացությամբ ու մասնագիտության հանդեպ անեզր նվիրումով։ Տպավորություններս այնքան մեծ են, որ կարծում եմ՝ եթե չընտրեի լրագրողի մասնագիտությունը, անպայման կգնայի Ավիացիայի համալսարան»,-ասաց Դիանա Պետրոսյանը:

Մարիամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31