Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին «պոկեցին» ՆԱՏՕ-ից, մնաց Ալիեւին «կտրեն»՝ Էրդողանից

Մայիս 28,2021 12:00

Հերթական «սառը ցնցուղը» Մոսկվայից. դարձյալ Փաշինյանին մատնացույց անելով՝ Հայաստանին «պատժելու» նոր առիթ պեղեցին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ կարծիք է հայտնել, թե Ադրբեջանին միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վերընտրությունը. «Ալիեւը Հայաստանում վարչապետի նախընտրելի թեկնածու ունի` Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ հեշտ կլինի հետագա աշխատանքը, քանի որ նա պարտության խորհրդանիշ է: Հեշտ կլինի նրա վրա ճնշումներ գործադրել, նրան վախեցնել: Նա առավել նախընտրելի կլինի Բաքվի համար, քան մեկ այլ թեկնածու, որը քննադատական դիրքերից է հանդես գալիս ՀՀ գործող կառավարության նկատմամբ»:

Որ Ալիեւին ձեռնտու է Հայաստանում իշխանության ղեկին շարունակի մնալ ղեկավար, որի իշխանավարման ընթացքում հայկական կողմը տանուլ է տվել թե՛ ղարաբաղյան բանակցային գործընթացը, թե՛ պատերազմը, լիովին հակառակորդ պետության տեսանկյունից՝ տրամաբանական է: Միայն այսպիսի իշխանության պարագայում էր հնարավոր երկու շաբաթ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ներխուժեին ինքնիշխան Հայաստանի տարածք ու ակնկալեին հայկական կողմից այս կամ այն տարածքի ազատումը:

Բայց կա նաեւ այլ կարեւոր հարց՝ իսկ Ռուսաստանի այսօրվա իշխանությունների համար Փաշինյանը նախընտրելի թեկնածո՞ւ չէ: Այո՛, ռուսական փորձագիտական, լրագրողական շրջանակները 2018-ից սկսած դաժան քննադատության են ենթարկել ու դեռ շարունակում են քննադատել Փաշինյանին, բայց երկկողմ հարաբերություններում զարգացումները հիմք ընդունելով՝ կարելի է ասել, որ Փաշինյանը «նախընտրելի» թեկնածու է նաեւ Կրեմլի համար: Փաշինյանի առկայության պայմաններում Մոսկվան ստացել է հրաշալի հնարավորություն ցանկացած առիթով «արդարանալու», թե ինչու չի կարող վարվել այսպես, կամ՝ այնպես:

Ահա՝ եւս մի թարմ արդարացում: Զատուլինը անդրադարձել է նաեւ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու թեմային, հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին ոչ թե զինված ագրեսիան դիմագրավելու օգնության համար, դա ներկայացված է բոլորովին այլ հոդվածով, ապա՝ պարզաբանել, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելը վերաբերում է այն հոդվածին, որը նախատեսում է խորհրդակցություններ, ուստի այս դեպքում ՀԱՊԿ-ը հարցում է կատարում։

Իսկ եթե ՀՀ-ն դիմեր՝ զինված ագրեսիային դիմադրելու համար նախատեսված համապատասխան հոդվածով՝ ՀԱՊԿ-ական զորքերն անմիջապես հայտնվելո՞ւ էին Հայաստանի տարածքում… Եթե մի կառույց մեկ-երկու պարբերությամբ հայտարարություն ի վիճակի չէ ընդունել՝ դաշնակից պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությանն ի պատասխան, ապա ի՞նչ զորքեր ուղարկելու մասին կարող է խոսք գնալ: Բացի այդ, Հայաստանը պաշտոնապես դիմել էր ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլեւ ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: Իսկ այս հարցում՝ ի՞նչ է կատարվել, դարձյալ հարցումնե՞ր են իրականացվում շաբաթներով: Կրեմլից հայտարարություն եղա՞վ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության:

Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է այնպես ստացվել, որ Մոսկվան անընդհատ հետեւողական ջանքեր է գործադրում ապացուցելու, թե ինչու այս կամ այն հարցում չի կարող վարվել այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիներն էին պատկերացնում: Նիկոլ Փաշինյանին մատնացույց անելով՝ դեռ որքա՞ն են «պատժելու» Հայաստանին, սակայն միաժամանակ՝ արձանագրելով, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա…

Ու մինչ Հայաստանում դեռ քննարկում են ՀԱՊԿ-ի կեցվածքը՝ հերթական «սառը ցնցուղը» ստացանք Ռուսաստանից: Մոսկվան առիթը բաց չթողեց հերթական ուղերձը հղել Բաքվին: Այսինքն, Մոսկվայի համար բավական հարմար իրադրություն է. ՀՀ-ում դժգոհ են ՀԱՊԿ-ի բռնած դիրքից, իսկ դա հավելյալ առիթ է, որպեսզի Ռուսաստանը Ադրբեջանի ուղղությամբ հերթական ռեւերանսն անի: ՌԴ ԱԳՆ-ից հայտարարեցին, որ կցանկանային ՀԱՊԿ-ում տեսնել Ադրբեջանին:

ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, «Իզվեստիա»-ի փոխանցմամբ նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով մի դետալ, որն այսօր խանգարում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ Ընդգծելով, որ կազմակերպության կանոնադրության որոշ կետեր ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջեւ՝ նա շեշտել է՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ նման համագործակցություն չկա։ «Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

ԵԱՏՄ-ի անդամակցության հեռանկարները Բաքուն շարունակում է պահել անորոշության մեջ, հիմա էլ, փաստորեն, Մոսկվան սպասում է Ադրբեջանին՝ ՀԱՊԿ-ում: ԵԱՏՄ-ի պարագայում պաշտոնական Բաքուն մի քանի անգամ ակնարկեց, թե պետք է հասկանան՝ ինչ են շահելու, եթե անդամակցեն այդ կառույցին, մինչդեռ ՀԱՊԿ-ին անդամակցելու մասով, ընդհանրապես, որեւէ անդրադարձ Բաքվից չի եղել:

Մոսկվայում, ըստ ամենայնի, կան քաղաքական որոշ խմբեր, որոնք համոզված են, թե կարող են Ադրբեջանին պոկել Թուրքիայից: ՌԴ-ում կան նաեւ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, որոնք միամտորեն կարծում են, թե Մոսկվային կհաջողվի Թուրքիային էլ կտրել ՆԱՏՕ-ից: Բայց արդյո՞ք Ալիեւին հարկավոր է ՀԱՊԿ-ն: Բաքուն, այսպես թե այնպես, փայլուն ռազմատեխնիկական հարաբերութուններ ունի ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի հետ, դե իսկ ՀԱՊԿ-ի վեց երկրներից երկուսը՝ Ղազախստանը եւ Ղրղըզստանը Ադրբեջանի հետ անդամակցում են թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, նրանց հետ Ադրբեջանն ունի «եղբայրական հարաբերություններ»։

Ալիեւն ինչո՞ւ պետք է զայրացնի Էրդողանին, որը նրան աջակցեց 44-օրյա պատերազմում զենքով եւ սիրիացի վարձկաններով, գումարած դրան՝ նա չի ցանկանա նոր գլխացավանք ստեղծել Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում՝ ՀԱՊԿ-ին անդամակցությամբ:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ըստ Լավրովի՝ դրանք «ժամանակով են ստուգված» եւ կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության եւ ռազմավարական գործընկերության ոգով: «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում Լավրովն ասել է. «Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին, ինչի վկայությունն են Ռուսաստանի եւ, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է ԼՂ-ում 2020թ. աշնանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործընթացը»: Ըստ Լավրովի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, կատարվում են:

Այսինքն, Ալիեւը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, ադրբեջանական բանակը ներխուժել է Ռուսաստանի ռազմավարական դաշնակից պետության տարածք, եւ մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ արձակվեցին հայկական զինուժի ուղղությամբ, որի հետեւանքով պայմանագրային զինծառայող զոհվեց: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ոտնահարում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, սակայն, ըստ Լավրովի՝ եռակողմ պայմանավորվածությունները «հաջողությամբ կյանքի են կոչվում»: Եվ որպես բոնուս այս «դրական» մթնոլորտում՝ Մոսկվան Ադրբեջանին հրավիրո՞ւմ է ՀԱՊԿ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել