Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ հարեւան ես, այդ գիծը, սահմանը մի տեղ լինելո՞ւ է, թե՞ չէ, թե՞ ուզում ենք մինչեւ Կասպից ծովը գնանք»

Մայիս 28,2021 14:30

Իմքայլական Վահե Ղալումյանը խոսում է Ադրբեջանի հետ գործընկերության մասին ու հանգիստ ասում՝ «Տավուշի մարզի լրիվ հովիվներին 30 տարի է սալամ ալեյքում են ասում, մենք էլ իրենց՝ բարեւ»:

«Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել: Որքան ես գիտեմ, ընտրողների մի ստվար զանգված նշում է, որ իրենք դեռ չեն կողմնորոշվել: Ես ընտրություններին ու ընդհանուր ընտրական գործընթացներին քիչ չեմ մասնակցել եւ գիտեմ՝ չկողմնորոշված մարդիկ նույն հարաբերությամբ իրենց ընտրությունը կատարելու են, այսինքն, այնպես չի, որ 40% չկողմնորոշված մարդկանց 35%-ը որոշելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրի: Էլի Դոնթի բանաձեւի հիման վրա համամասնորեն բաժանվելու է»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը:

Նրա խոսքով՝ իրենք 50%-ից բարձր ձայն են հավաքելու, բայց եթե ցածր լինի՝ կոալիցիան կա ու կա: Հարցին՝ պատերազմի ողբալի արդյունքներից հետո մարդիկ հիասթափվել են ձեր ուժից, նաեւ Սյունիքի վերջին դեպքերը, որ ադրբեջանցիներն եկել են ու չեն գնում, կրկին մեծ անվստահություն առաջացրեց ձեր ընտրազանգվածի մոտ, այսքանից հետո ի՞նչ ակնկալիք ունեք՝ Ղալումյանը պատասխանեց. «Մենք պարզ ենք ժողովրդի հետ, ժողովրդին չենք դավաճանել, չենք խաբել: Եվ նորից պարզ ներկայանում ենք ընտրողին, ընտրողը թող որոշի»:

Երբ հիշեցրինք՝ դուք ուրիշ խոստումներով եկել էիք իշխանության, ասում էիք՝ «երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», մենք այսօր երջանիկ չենք զգում մեզ, որպես քաղաքացի, հոգատար հանրություն չկա, որովհետեւ եկաք ու սեւ-սպիտակի բաժանեցիք հանրությանը, ատելություն է՝ Ղալումյանն արձագանքեց. «Սեւ-սպիտակի բաժանումը, նոր էշով Իջեւանից եկած մարդու մասին հարց էին ինձ տալիս, այդ մարդիկ են բաժանում, ոչ թե մենք: Իսկ երջանիկ անհատը, պարզ է, որ այսօր Հայաստանում ոչ մի հայ իրեն երջանիկ չի համարում, որովհետեւ մենք պատերազմ ենք տեսել շատ դաժան: Եվ այդ պատերազմն ամբողջությամբ բարդել այսօրվա իշխանությունների վրա, ես դրա հետ համաձայն չեմ: Հիասթափված են, պարտվեցիք…Ես Հայաստանում այսօր չպարտված մարդ չեմ տեսնում, կա՞ այդպիսի մարդ, որ ինքը չի պարտվել»: Փոխանցեցինք՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտությունը վերագրում է ձեր իշխանության քաղաքական մտքի տհասությանը, համաձայն չե՞ք՝ Վահե Ղալումյանը պատասխանեց. «Ի՞նչ պետք է աներ, ըստ ձեզ, իշխանությունը»:

Երբ թվարկեցինք հնարավոր տարբերակները՝ կանխել պատերազմը, չհրահրել տարբեր հայտարարություններով՝ Ղալումյանը արձագանքեց. «Չի հրահրել: Ոչ մի հայտարարություն չի հրահրել պատերազմը: Նախկին իշխանությունների անընդհատ ձգձգելու եւ այն մյուս կողմին խաբելու արդյունքում եկել է հասել մի կետի, որից ավելի չէր կարող լինել»:

Եթե այդպես է, Փաշինյանը գիտեր ինչ ժառանգություն է ստացել, բացի այդ, թող չասեր՝ ես սկսում եմ իմ զրոյական կետից, ընդ որում, այդ ժամանակ ձեռք էին բերվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հետաքննող ներդրման մեխանիզմներ, թող Փաշինյանն էլ ձգեր՝ պատգամավորը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ, դա իմ անձնական կարծիքն է, հանձնաժողովը պետք է ստեղծվի (նկատի ունի սահմանագծման եւ սահմանազատման հարցերով ստեղծվող հանձնաժողովը.- Հ. Ջ.), եզրակացություն տան…»:
Երբ ասացինք՝ մեզ դա ձեռնտո՞ւ է, այսօր մեզ պե՞տք է սահմանագծում ու սահմանազատում, որ այդ հարցերն ենք լուծում՝ Ղալումյանը պատասխանեց. «Մեզ պետք է այդ պետության հետ երկարաժամկետ խաղաղության գնալ, բոլոր կնճռոտ հարցերը հարթել»: Հիշեցրինք, թե ով է մեր դիմաց՝ անկուշտ հակառակորդ, որը չի «կշտանալու» իրեն հրամցված տարածքներով՝ իմքայլականն արձագանքեց. «Համաձայն եմ, որ նման բան կա, բայց գործընկերային հարաբերություններ ստեղծել պետք է փորձել»:

Ճշտեցինք՝ այսինքն, մենք այսօր չենք դնում մեր կորցրած տարածքները հետ վերադարձնելու հարցը, ուզում ենք հետները գործընկերությո՞ւն անել՝ Ղալումյանը պատասխանեց. «Ո՞վ ասաց: Մեր սահմանը պետք է ճշտվի, ժողովուրդ ջան: Դուք գիտե՞ք Տավուշի մարզում քանի հազար հեկտար հող կա, որ մեր տիրապետության տակ է, բայց չի մշակվում: Ամբողջ սահմանի երկայնքով հարյուրավոր հեկտարներ ամեն գյուղն ունի: Ես Սեւքարից եմ, Սեւքարը 400-500 հա հող ունի չմշակվող, Բերքաբերն ունի, Կոթին ունի, բոլորը: Մենք պետք է այդ մարդկանց հետ գիծը գծենք, այս ամեն ինչին վերջ տանք, որ այդ մարդիկ հողերը մշակեն»:

Այն մտահոգությանը, որ եթե իր ասած գիծը գծեցինք, դա նշանակում է, որ մենք ընդունելու ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, այդպես են գիծը գծելու ու մենք, ուզենք թե չուզենք, պիտի հաշվի նստենք դրա հետ՝ պատգամավորը պատասխանեց. «Դուք բանակցությունների մասնակցո՞ւմ եք: Չենք ընդունի, եթե այդպես կլինի»: Հարցադրմանը, որ գնացինք, «էշը կերանք, պոչի՞ն պետք է խռովենք»՝ Ղալումյանի պատասխանը հետեւյալն էր. «Էշը իրենք էլ են ուտում: Երկկողմանի է հանձնաժողովը լինելու»: Այն, որ մենք պարտված կողմ ենք, չենք կարողանալու մեր պայմանները թելադրել՝ իմքայլականը պատասխանեց. «Պատերազմ մի հատ նորից փորձենք, հաղթե՞նք»:

Երբ ասացինք՝ պետք էր ի սկզբանե հասկանալ, որ Սյունիքում նման իրավիճակ կարող է լինել, թույլ չտալ, որ ադրբեջանցիները գան տեղակայվեն, պայմաններ թելադրեն, գոնե այս 6-7 ամսում պետք էր կահավորել, ոչ թե ընկնեիք ներքաղաքական ձեր հարցերի հետեւից՝ Վահե Ղալումյանը պատասխանեց. «Ո՞նց կարող ենք ներքաղաքական բաների հետեւից չընկնենք, մեր երկրի խնդիրը չի՞»: Այն, որ առաջինը անվտանգությունն է՝ պատգամավորը համաձայնեց՝ վստահեցնելով, որ հենց դա էլ անում են, անվտանգությունը պահում են: Ասացինք՝ չի երեւում, որ անեիք, չէին գա մեր հովվի վրա մատ թափ տային, ասեին՝ «սալամ ալեյքում»՝ Ղալումյանը պատասխանեց. «Տավուշի մարզի լրիվ հովիվներին 30 տարի է սալամ ալեյքում են ասում, մենք էլ իրենց՝ բարեւ: Որ հարեւան ես, այդ գիծը, սահմանը մի տեղ լինելո՞ւ է, թե՞ չէ, թե՞ ուզում ենք մինչեւ Կասպից ծովը գնանք: Պետք է հասկանանք, հնարավորությունների հետ հաշվի նստենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31