«Կա քաղաքական եւ հոգեբանական խնդիր։ Քաղաքականը հետեւյալն է․ Ալիեւը համոզված է, որ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, եւ օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է հնարավորինս շատ բան կորզել նրանից»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր ասաց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանն ու հայ զինվորների գերեվարման դեպքին։ «Հոգեբանականը երեսուն տարվա Ադրբեջանի նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո։ Դա ծանր բեռ է։ Մենք նոր ենք պարտվել, եւ զգում եք, թե ինչ հոգեբանական վիճակ է տիրում։ Երեսուն տարի Ադրբեջանը հոգեբանական ծանր վիճակի մեջ է եղել։
Նա իր ժողովրդին է դիմում դրանով, նա ժողովրդին այդ վիճակից հանելու առումով պարտք էր։ Այն, ինչ հիմա հայ ժողովուրդը պարտված վիճակում պահանջում է Նիկոլից, նույնն ադրբեջանցիները երեսուն տարի պահանջել են նրանից։ Հաղթանակից հետո ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը նման գործողությունների գնում։ Հաղթող կողմը սովորաբար լինում է մեծահոգի, պատրված հակառակորդի հանդեպ մեծահոգություն է դրսեւորում։ Հաղթողը չի ատում պարտվածին։ Պարտվածն է ատում հաղթողին»,-համոզմունք հայտնեց առաջին նախագահը։ Նրա բնորոշմամբ․ «Հաղթական պատերազմից հետո մենք ունեինք ադրբեջանցի գերիներ, Ադրբեջանն էլ ուներ հայ գերիներ՝ մոտ 20-25 հոգի։ Ես միակողմանի որոշեցի Ադրբեջանի գերիներին վերադարձնել։ Կողքիս Վազգեն Սարգսյանն էին, Սերժ Սարգսյանը։ Ասացին՝ բա որ հետ չտա՞ն։ Ասացի, որ հանգիստ լինեն, ես գիտեմ Հեյդար Ալիեւին։ Նույն օդանավով մեր բոլոր գերիներին վերադարձրին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ