ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով դիտարկմանը՝ ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, պայման են դնում՝ գնացեք հետ, առաջ, կտանք գերեվարվածներին, չենք տանք, ասաց․«Մեզ՝ զինվորականներիս շատ է մտահոգում այդ հարցը, որովհետեւ եթե զինվորական ես՝ պետք է հակառակորդի նկատմամբ ուժ, զենք կիրառես։ Եթե զինծառայողը զենքը մեջքին ձեռնամարտի է բռնվում, ապա դա արդեն այլ ոլորտ է, ես իմ ծառայության 27 տարվա ընթացքում այդպիսի իրավիճակի մեջ չեմ հայտնվել։ Բայց մենք փորձում ենք նաեւ այդ ոլորտում որոշումներ կայացնել, ու կայացնելու ենք ճիշտ։ Իսկ թե ինքը գալիս է մեզ պայմաններ թելադրում, մենք կոշտ ու կոպիտ պատասխաններ ենք տալիս՝ ձեր պայմանները մեր տարածքում մեզ համար անընդունելի են, մեր առաջին պայմանը՝ ձեր՝ հետ վերադառնալն է»։
Արձագանքին՝ ադրբեջանցիները չեն գնում, ի՞նչ է պետք անել, գեներալ-մայորն այսպես պատասխանեց․«Պիտի խփենք գլխներին։ Իսկ թե երբ՝ ես չեմ կարող բացահայտել մեր ռազմական գաղտնիքը»։
Լրագրողների հարցին՝ երբ են գնալու կոնկրետ գործողությունների, էլ ինչ պետք է լինի, որ զինված ուժերը կոնկրետ գործողությունների դիմեն, գեներալ-մայորն այսպես պատասխանեց․«Ուզո՞ւմ եք գնանք գործողությունների, խնդրեմ, եկեք բոլորս միասին զենք վերցնենք ու գնանք գործողությունների։ Մենք պատրաստ ենք։ Եթե գա այդ պահը, որ մենք պետք է ուժ կիրառենք եւ վերականգնենք Հայաստանի հանրապետության սահմանը, մենք դա կկատարենք, ու մի մտահոգվեք, զինված ուժերը պատրաստ են այդ խնդիրը կատարելու, որքան էլ մենք ռազմական գործողությունների ընթացքում կրել ենք որոշակի կորուստներ, վերականգնել ենք, ուժեր, միջոցներ ունենք եւ կարող ենք այս պահի դրությամբ գործողություններ իրականացնել»։
Ինչ վիճակում է թիկունքային ապահովումը, պարոն Ասրյանն ասաց՝ թիկունքային ապահովումը գտնվում է լավ մակարդակի վրա․«Ունենք խնդիր անձնակազմի հերթափոխման, որովհետեւ գործողությունների հերթափոխման շրջանում ունենք մեծ քանակությամբ զորք, ստորաբաժանումներ, նաեւ մենք մշակել ենք համապատասխան գրաֆիկներ, որպեսզի կարողանանք թարմ ուժեր տանել գործողությունների շրջան, հերթափոխել եւ անձնակազմը հանգստանա եւ հերթափոխի մյուս ստորաբաժանումներին»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ