Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք սկսենք ռազմական ուժ կիրառել, ապա այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին»․գեներալ-մայոր

Մայիս 27,2021 19:01

Ի վերջո ադրբեջանցի քանի զինծառայողներ կան ՀՀ տարածքում, սկզբում ասվում էր՝ 200-250, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 500-600, հետո 1000-ի մասին էին խոսում։

Այսօր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով այս հարցին, ասաց՝ ռազմական ղեկավարությունը հակառակորդի գնահատականն ըստ  զինծառայողների քանակի չի տալիս, այլ ստորաբաժանումներով՝ ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ․ «Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը, չկա դրանից ավել քանակ, որ գտնվեն մեր տարածքում։ Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, իրենց տարածքներում եւ դրանք հաշվարկվում  են այդ քանակների մեջ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ներկայացնել։  Բայց ստորաբաժանումների վերածելով եւ նաեւ հարաբերակցելով այդ ուղղությամբ  մեր ստորաբաժանումների հետ, հակառակորդի նշված 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունի։ Եթե մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր կերպով»։

Լրագրողի հարցին՝ արդյոք  քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման է տվել, եւ  դա  որքանով է խանգարում զինվորականների մարտավարությանը, պարոն Ասրյանը պատասխանեց․ «Այդպիսի բան չկա, քաղաքական ղեկավարությունն այդպիսի հրամաններ չի տալիս։ Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններ, պայմաններ։ Կրակել-չկրակելու հարցը քննարկում եւ որոշում, լուծում տալիս ենք մենք։  Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել, եւ լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, մենք, միանշանակ կկիրառենք ռազմական ուժ, զենք  եւ կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ, նրանց վրանները, զինծառայողները, նրանց ուժերն ու միջոցները տեսանելի են, թաքնված ուժեր չկան»:

Թե որն է այդ նախանշանը, գեներալ-մայորը նշեց՝ եթե հակառակորդը փորձի իր ուժերը որոշակի  հեռավորությամբ մեզանից հեռացնել,  դա առաջին նախանշանն է, որ պատրաստվում է ուժ կիրառելուն․«Մենք նրանից առաջ կանցնենք։ Իսկ եթե ինքը գտնվում է մեզ հետ շփման  պայմաններում 30-50 կամ ավելի մոտիկ հեռավորության վրա, ապա չկա այդ նախանշանը։ Համոզված եղեք՝ ԶՈւ-ն պատրաստ են իր առջեւ դրված խնդիրը կատարել, ու ոչ մեկ զինված ուժերին չի արգելում իր պարտականությունները կատարել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31