Տավուշի մարզում մեր սահմանագոտում գրանցվել են կրակոցներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։ Նա Տավուշի սահմանային հատվածում իրավիճակի մասին ասաց՝ իրավիճակն անփոփոխ է, կայուն, մեր ստորաբաժանումներն իրականացնում են պետական սահմանի պահպանություն մարտական հերթապահություն։
Ինչ վերաբերում է Տավուշի սահմանային հատվածում այսօրվա կրակոցներին, ապա պարոն Ասրյանն ասաց՝ կրակոցներ են գրանցվել դեպի օդ եւ մի քանի հատ մեր դիրքի ուղղությամբ․« Կրակոցների քանակն իրենց ինտենսիվությամբ, ժամանակով էական ոչ մի ազդեցություն չունեն մեր ծառայության վրա այդ ուղղությամբ, եւ մեր զորքը, մեր ստորաբաժանումները այնտեղ իրավիճակը հսկում են, ոչ մի արտառոց երեւույթ չկա։ Զորքերը պատրաստ են իրենց խնդիրը կատարելուն ու կատարում են»։
Այսօր Wargonzo-ն Տելեգրամի իր ալիքում հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր․ «Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության սահմանի մոտ փոխհրաձգություն է հայ-ադրբեջանական ուժերի միջեւ։ Կրակոցները լսելի են Կարմիրաղբյուր գյուղի շրջանում. մթնոլորտը ծայրաստիճան լարված է»։
Aravot.am-ի հետ զրույցում Բերդի համայնքապետը հերքել է այս տեղեկատվությունը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ