Այսօր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված հայ զինծառայողների դեպքին, ասաց՝ կա հնարավորություն ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու, նրա 1, 2, 10, 20, 50 զինծառայողների։ «Նման ուղղությամբ գործելու դեպքում մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծ քանակությամբ զինծառայողներ, ովքեր գտնվում են անմիջապես հակառակորդի հետ շփման պայմաններում, և նույն գործընթացը կարող է շարունակվել հակառակ։ Այսինքն՝ 10-ը մենք գերեվարենք, 11-ը՝ հակառակորդը, կամ 20-ը մենք գերեվարենք, 15-ը՝ հակառակորդը։ Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման եւ մեր պետական սահմանով դրության վերականգնման ճանապարհով, ունենք երկու ուղի՝ առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել եւ նրանց հետ շպրտել։ Եվ ունենք երկրորդ ճանապարհը՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջել»,-ասաց պարոն Ասրյանը։
Նա նշեց՝ գերեվարելը նույնպես ռազմական ճանապարհ է, որը, սակայն, խնդրի լուծման չի բերի․ «Կարող ենք գնալ այդ ճանապարհով՝ գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, կստացվի էլի իր ներկայացրած երկրորդ ուղղությունը՝ ռազմական բախում։ Բոլոր տարբերակները Գլխավոր շտաբում քննարկվում են, կկայացվենք համապատասխան որոշումներ»։
Պարոն Ասրյանի ներկայացմամբ՝ հակառակորդի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով ՀՀ տարածքում գտնվում են շրջափակման մեջ․ «Եվ նրանք նույնպես դուրս են գալիս բանակցությունների՝ իրենց համապատասխան ճանապարհ տալու, դուրս գալու, հետ քաշվելու, եթե չեն կատարում, պարտադրանքի, հարկադրանքի միջոցով հետ քաշվելու։ Եղել են այդպիսի դեպքեր, մենք ստիպել ենք, նրանք թողել են իրենց դիրքերն ու հետ են քաշվել մի քանի ուղղություններով։ Սակայն կա այստեղ մի հարց՝ զինվորական ստորաբաժանումը, շրջափակելով հակառակորդին, նրա դեմ պետք է կիրառի ուժ, զենք, որը նրան կստիպի լիարժեք ու լիովին հետ քաշվելու մեր սահմաններից։ Եթե շրջափակում ես ու առանց զենքի կիրառման հակառակորդին ստիպում մեր տարածքից դուրս գալ, ապա նման պայմաններում ստացվում է ուժի, առանց կրակի կիրառման մեթոդ»։
Եվ դա, ըստ գեներալ-մայորի, կարող է կրկնվել բազմաթիվ անգամ, որովհետեւ, նրա խոսքերով ասած՝ եթե դուրս են գալիս իրար դիմաց եւ փորձում պարտադրել յուրաքանչյուրն իր կամքը, ապա դա բերում է բախման, ինչը մի քանի անգամ կրկնվել է․ «Չկա այդպիսի բան, որ շրջափակումից դուրս գան, շրջափակում ենք, ստեղծվում են պայմաններ, մենք ենք թելադրում պայմաններ, որ դուք պետք է այդտեղից ձեր զորքը դուրս բերեք։ Նրանք ենթարկվում են մեր պայմաններին, հանում են այդտեղից զորքը, սակայն մեկ այլ ուղղությամբ գնում են նույն զարգացումները։ Այդ ուղղությունը եւս վերցնում ենք շրջափակման մեջ, պարտադրում ենք, հետ են քաշվում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ