Լրագրողի հարցին` հիշո՞ւմ է նման նախադեպ, որ խորհրդարանական ընտրության ժամանակ այսքան մեծ թվով ուժեր լինեն, եւ առաջադրվողների մեծ թիվն ինչ խնդիրներ է առաջացնում կազմակերպչական առումով, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Դժվարանում եմ հիշել, թե երբեւէ ունեցել ենք նման մեծ թվով մասնակիցներ…Համենայն դեպս, 2012 թվականից հետո նման մեծ թվով մասնակիցներ, որոնք առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել, չենք ունեցել: Եվ եթե առաջադրվողների թիվը մեծ է, դա, բնականաբար, լրացուցիչ մեծ ծանրաբեռնում է առաջացնում: Բավական է միայն հիշել, որ յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է առանձին քվեաթերթիկ տվյալ կուսակցության համար»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, պետք է հիմք ընդունվի ընտրողների թիվը եւ բազմապատկվի կուսակցությունների թվով ու տպագրվի այդքան քվեաթերթիկ, ինչը երկու տասնյակից ավելի կուսակցությունների դեպքում ահռելի ծավալ է:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ առաջադրման ժամկետն ավարտվել է, եւ առաջադրումների վերաբերյալ հրապարակված թիվը վերջնական է: «Առաջադրվել է 27 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինք է, մյուսները` կուսակցություններ: Այս նիստում հրապարակվեց, որ ունեցել ենք դիմում, որը երեկ է ներկայացվել: Առաջադրման փաստաթղթերը ներկայացնելուց հետո ներկայացվել էր դիմումը, այն սահմանված կարգով մուտք էր արվել եւ այսօր քննարկվել: Մի բան հստակ է` թիվը չի կարող ավելանալ, որովհետեւ առաջադրումների ժամկետն ավարտվել է, եւ նոր առաջադրումներ լինել չեն կարող:
Իսկ նվազման առումով այս պահին չեմ կարող որեւէ դատողություն անել, բայց նվազելու առումով կա երկու հնարավորություն. երբ որեւէ կուսակցություն դիմում է ներկայացնում, ինչպես երեկվա դիմումը` խնդրելով չքննարկել իր դիմումը եւ վերադարձնել մինչեւ գրանցման ժամկետի օրը, եւ տարբերակ 2, երբ փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում որոշում է կայացվում այս կամ այն կուսակցության դաշինքը մերժելու մասին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ