Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Ասրյան․ «Բաքվում արդեն խորհրդակցություն են անցկացնում, քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը»

Մայիս 27,2021 17:16

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված հայ զինծառայողների դեպքին, պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չի գերեվարում ՀՀ տարածք մտած ադրբեջանական զինծառայողներին, ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել։

Նա ասաց, որ արդեն 16 օր է՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց ուժի կիրառման․ «Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ կողմերի զինծառայողները ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով իրենց հաստիքային զենքերը։ Նույն իրավիճակը ստեղծվել է այդ գործողության ընթացքում (նկատի ունի Գեղարքունիքի դեպքը.խմբ), մոտենալով մեր զինծառայողներին, չորս հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենք ուղղելով մեր զինծառայողների վրա, հրամայել են հանձնվել, եւ մեր երկու զինծառայողները, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցելու պատրվակով, մոտեցել են հակառակորդին, բայց փաստորեն, հակառակորդը լինելով նենգ, դավադիր, զինաթափել եւ գերեվարել են մեր 6 զինծառայողներին։

Ներկա դրությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, մենք ունենք կապ ԼՂՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի հետ, եւ բանակցային գործընթացը շարունակվում է։ Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային եւ իրենց ուժերի հետքաշման պայմանով, մենք էլ ներկայացրել ենք մեր պայմանը, որ մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք արդեն ժամը հինգից մինչեւ ժամը տասը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման, մեզ համար ընդունելի չէ։ Եվ ԶՈւ ստորաբաժանումները պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրները կատարելու։ Բոլոր դեպքերում, ռազմական ղեկավարությունը, որպեսզի բարդ իրավիճակներ չստեղծի, փորձում է բանակցային ճանապարհով լուծել այդ հարցը»։

Թե որքան ժամանակ է հայկական կողմը տվել հակառակորդին եւ եթե պայմանը չկատարվի, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, հարցին ի պատասխան, պարոն Ասրյանն ասաց՝ տրված ժամկետն արդեն ավարտվել է, սկզբում մեկ ժամ էին տվել․ «Մեկ ժամն անցնելուց հետո մեզ հետ կապի են դուրս եկել Ստեփանակերտում մեր ռուս գործընկերները եւ տեղեկացրել, որ Բաքվում արդեն ինձ համահունչ վարչությունը խորհրդակցություն է անցկացնում, քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը։ Դրա համար մենք մեկ ժամը լրանալուց հետո համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր պայմանները չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք չեմ կարող ներկայացնել»։

Պարոն Ասրյանը նաեւ ներկայացրեց այն տեղանքի քարտեզը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31