Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, ՀԱՊԿ շրջանակներում ժամավաճառության փոխարեն խնդիրը ներկայացնել ԵԱՀԿ Մշտական խորհրդի ձեւաչափով. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք

Մայիս 27,2021 16:44

Մայիսի 27-ին վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայող։

Գնահատում ենք կատարվածը որպես Ադրբեջանի կոռումպացված բռնապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ներքին կայունության դեմ սանձազերծած ոտնձգությունների ահագնացող ընթացքի մի նոր դրսեւորում, որն ուղեկցվում է իրենց երկրի տարածքում գտնվող մարդկանց առեւանգմամբ։ Նաեւ բացառում ենք, որ այդ քայլը կատարվել է առանց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արձակված հրամանի։

Խստորեն դատապարտելով Ալիեւի ռեժիմի շարունակվող անպատասխանատու քաղաքականությունը տարածաշրջանում, միեւնույն ժամանակ շեշտում ենք, որ Ադրբեջանի այս լկտի պահվածքի հիմքում բացարձակ անպատժելիությունն է, որը սերում է միջազգային հանրության դիրքորոշման անհստակությունից, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի եւ նրա գլխավորած ռազմական դաշինք ՀԱՊԿ-ի՝ առնվազն բացահայտ անգործունակությունից։

Արձանագրում ենք, որ դեպքերի ընթացքը թելադրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հստակ եւ համարժեք քայլեր, որոնք կզսպեն Ադրբեջանի սանձարձակ պահվածքը, կստիպեն վերանայման ենթարկել տարվող քաղաքականությունը եւ պատասխանատվություն կսահմանեն նման ոտնձգությունների պարագայում։

Ուստի, պնդում ենք մեր՝ ս․թ․մայիսի 26-ի հայտարարությամբ ներկայացված պահանջը, ուղղված Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը առ այն, որ անհրաժեշտ է անհապաղ կերպով, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության՝ պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի փաստով, պահանջելով պատժամիջոցներ սահմանել, եթե Ալիեւի ռեժիմը խելամիտ ժամկետներում չվերանայի իր հանցավոր գործելակերպը։

Ստեղծված իրավիճակն ուղղակիորեն սպառնում է տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգությանը, ուստի ՀԱՊԿ շրջանակներում ռեսուրս եւ ազգային արժանապատվություն վատնող ժամավաճառության փոխարեն անհրաժեշտ է խնդիրը ներկայացնել ԵԱՀԿ Մշտական խորհրդի ձեւաչափով եւ նախաձեռնել գործընթաց ԵԱՀԿ հովանու ներքո՝ ուղղված Հայաստանի դեմ ագրեսիան դադարեցնելուն եւ դրա հետեւանքները վերացնելուն, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահության ձեւաչափով Արցախի խնդրի վերջնական կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսմանը։

Մարտահրավերը հաղթահարելու հրամայականը պահանջում է համախմբում պետության շուրջ, ուստի կոչ ենք անում քաղաքական ուժերին առաջնորդվել պետության շահերով եւ բացառել ստեղծված իրավիճակի շահարկումը ներքաղաքական գործընթացներում։

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31