Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտք չդնեք Շիրակի մարզի, վատ կէղնի»․ գերիների հարազատները՝ քաղաքական ուժերին

Մայիս 27,2021 16:32

Խծաբերդի հատվածում գերեվարված կամավորական զինծառայողների հարազատներն այսօր հայտարարեցին, որ բոլոր քաղաքական ուժերին արգելելու են քարոզարշավն ու ընտրությունների անցկացումը Շիրակի մարզում, քանի դեռ իրենց զավակներին Բաքվից չեն հայրենադարձել։ Նրանք քաղաքական ուժերին խնդրեցին իրենց հանցագործ չսարքել, քանի որ պատրաստ են ամեն ինչի, այլևս կորցնելու ոչինչ չունեն։

Հարազատները վրդովված են, որ գերիների հարցը չլուծած՝ աթոռակռիվ են մղում։ Ծնողները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դահլիճում ու հերթով ներկայացնում էին իրենց պահանջները։

Նրանից մեկն ասաց․ «Մեր պահանջն այն է, որ մեր երեխեքին վերադարձնեն Բաքվից։ Հիմի սաղս ելել ենք ոտքի, որ քարոզարշավների չգան ո՛չ մի ընդդիմություն, ո՛չ մի «Իմ քայլ», մեկը չփորձի ոտք դնել Շիրակի մարզ։ Առանց երեխեքի վերադարձի՝ ոչ մի ընտրություն։ Մենք մեր բալեքին կուզենք, շատ բան չենք ուզե, հո փող չենք ուզե։ Եթե իմացանք, եկել եք էստեղ քարոզարշավի, ձեր մուրը ձեր գլուխը։ Էրեխեքին բերեք, կանգնենք կողքերդ, որ մեկդ բերեցիք, իր կողքը կկանգնենք։ Ընկել եք ձեր աթոռների հետևից, բերեք տեսնինք ինչ կեղնի, նոր ընկեք ձեր աթոռների հետևից, նոր ընտրություն արեք։

Հանկարծ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ, հենց տեսանք մտել են, շատ վատ կեղնի, մենք կորցնելու բան չունենք։

Մեկ էլ ճշտենք՝ չհասկացանք Ռուսաստանն էսօրվա դրությամբ ձեր կողքը կանգնա՞ծ է, թե՞ չէ, հարց լուծո՞ղ է, թե՞ չէ։ Մեկին բռնեք՝ կամ Ռուսաստանին կամ Չինաստանին, մեկնումեկին, որը մեր կողքը կանգնեն, կարողանան մեզ պաշտպանել։ Եթե չեն կարող, թող տեղները զիջեն, զզվանք։ Հիմի որ մեռնենք, դժոխք էրթանք, ճամփեն անգիր ենք արել»։

Գերիներից մեկի հայրն էլ ասաց, որ տղաներին պահել են որպես խաղաքարտ իրենց ձեռքում՝ ինչպես ուզում, այնպես էլ անում են, ինչ հարց ուզում են, դնում են մեր երկրի առաջ։ Ըստ նրա, տարբեր հանդիպումներ են ունեցել տարբեր կառույցների ղեկավարների հետ, երկրի ղեկավարի հետ, հավատացել են նրանց խոստումներին, բայց արդյունքում դատարկ նստել են։ Վեց ամիս է՝ աչքերը ջուր է կտրել՝ որդիներին սպասելով։

 

Ըստ նրա, եթե կա մեկը, որը կարող է ճանապարհ ցույց տալ, իրենք պատրաստ են օգտակար լինել։ Նա ասաց, որ անհասկանալի է մնում, թե ինչպես են տղաները հայտնվել այնտեղ, որտեղ չպիտի լինեին, այն էլ ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։ Հայրը նախազգուշացրեց, որ մինչև գերեվարված տղաներից յուրաքանչյուրը ոտք չդնի իր օջախ, չպիտի ընտրություններ տեղի ունենան այս մարզում։

Նա ասաց նաև, որ հայ զինվորականների անգիտակ, անխոհեմ հրամանների պատճառով են տղաները Խծաբերդից հայտնվել Բաքվում։

Ծնողը հույս էր կապում մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ, որի անմիջական միջամտությամբ է հնարավոր լուծել գերիների հայրենադարձումը։

«Մեր տղաների վերադարձը ոչ միայն ձգձգվում է, այլ լույսը չենք տեսնում։ Կան միջազգային օրենքներ, պատերազմից հետո պիտի գործի Ժնևյան կոնվենցիան, գերիները վերադարձվեն։ Մեր տղաներին պահել են իրենց ձեռքում՝ ինչպես ուզում են, այնպես անում են ու որպես խաղաքարտ՝ դնում են մեր երկրի առաջ։

Առաջիկայում ԱԺ ընտրություններ են, ես էլ եմ ՀՀ քաղաքացի եմ, բայց էս պարագայում՝ մեր երեխեքի գերեվարման պայմաններում, ընտրություններ չպիտի անցկացվեն Շիրակի մարզում։ Ես չգիտեմ՝ մեր նկատմամբ ինչ լծակներ կկիրառեն, բայց մենք ծնողներով պատրաստ ենք վերջին քայլին, Շիրակի մարզում ընտրություններ չպիտի լինեն»։

 

Նրանցից մեկը նաև հաշվարկեց, որ ամեն մի գերեվարված տղայի հետևում մոտ 400- 500 հոգի է, դա նշանակում է ամբողջ Շիրակի մարզն այս խնդրի մեջ է։

«Շիրակի մարզն ընկել է քարի ու մխի արանքը, ոչ աջթևային ենք, ոչ ձախթևային ենք, միջանկյալ գոտում ենք, կանգնած սպասում ենք մեր երեխեքին։ Ընտրողները, ընտրվողները, որոնք մտածում են ընտրությունների մասին մի փոքր հաշվարկ արե՞լ են, պատկերացնո՞ւմ են, որ 62 տղաների հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին հաշվենք, ամեն մի տղու հետ կանգնած է 400-500 հոգի։ Այսինքն՝ ամբողջ Շիրակի մարզը»։

Հարազատների համոզմամբ, ընտրությունները պիտի տոն լինեն, ընտրության պիտի գնալ ուրախ, բաց ձեռքերով։ Մինչդեռ հիմա, ըստ նրանց, մտածմունքից իրենց կորցրել են, կան գերեվարվածներ, որոնց հարազատները վշտից մահացել են։

«Փոխանակ համախմբվենք մեկ բռունցքի պես, պայքարենք մեր գերիներին բերենք, չգիտեմ ինչ ենք մտածում»,-ասում էին նրանք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31