Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակավոր ազգային համաձայնության կառավարության միջոցով արգելափակել հայրենատվության ճանապարհը». «Ժառանգություն»

Մայիս 27,2021 16:36

«Ժառանգություն» կուսակցությունը խորն անհանգստությամբ արձանագրում է, որ 2021թ. մայիսի 27-ի լույս գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող Գեղարքունիքի մարզից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների՝ ադրբեջանական հրոսակախմբերի կողմից գերեվարումը հետեւանք է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին ամիսներին ցուցաբերած ակնբախ անգործունեության:

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ պայմանագրից հետո գործող իշխանությունները եւ նրանց հայրենատվության վտանգավոր օրակարգը սպասարկող ներքաղաքական դաշտի ական ուժերն ու անհատները պարտված երկրում առաջնային անվտանգային պաշտպանիչ միջոցառումներ անցկացնելու փոխարեն լծվել էին վարչախմբի վերարտադրության օրակարգի սպասարկմանը: Այդ գործընթացներում նախկինների մեղավորության խաղաքարտը մինչեւ վերջ խաղարկելուց ու ամբողջովին արժեզրկելուց հետո, վերջիններս մտել են Հայաստանի դաշնակից, գործընկեր միջազգային կառույցների եւ երկրների անվանարկման անհեռանկար ու պետականակործան տեղապտույտի մեջ:

Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջան պետության սանձազերծած ահաբեկչական գործողություններին մեր պետության ոչ համարժեք արձագանքը գալիս է փաստելու դեռեւս 2021թ. մայիսի 20-ին «Ժառանգություն» կուսակցության բարձրաձայնած առաջնահերթությունների հրատապությունն ու 2021թ. հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վտանգավորությունը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ նախագահին, ռազմական եւ անվտանգային պատկան մարմիններին՝ շարժվել օրվա հրամայականով, սահմանադրական ճանապարհով՝ ժամանակավոր ազգային համաձայնության կառավարության միջոցով, արգելափակել հայրենատվության  ճանապարհը:

Համակարգային անգործունեություն ցուցաբերած հայրենի դե ֆակտո իշխանությունների վերարտադրության մղումներն առոչինչ են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանման հրամայականի համեմատ:

Հայրենատվության երկրորդ արարը պետք է կասեցնել բոլոր միջոցներով:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31