Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Կոկժաեւ. «Մենք ունենք հրաշալի սերունդ, որի ձեռքերում է հայկական երաժշտության ապագան»

Մայիս 27,2021 16:01

Այս տարի նշվում է անվանի կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի 75-ամյա հոբելյանը։ Նա ստեղծագործում է տարբեր ժանրերում եւ ոճերում։ Նրա գրչին են պատկանում սիմֆոնիաներ, կոնցերտներ, երգեհոնի համար գրված երաժշտություն, վոկալ ստեղծագործություններ եւ այլն։ Կոմպոզիտորի գործերը կատարվել եւ կատարվում են աշխարհի ամենատարբեր ծայրերում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Հարավային Կորեա եւ այլն։ Կոկժաեւը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ. Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, մի շարք գիտական աշխատությունների հեղինակ։

Այս տարի կոմպոզիտորի հոբելյանը նշվեց նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում։ Միխայիլ Կոկժաեւի հետ մեր զրույցում անդրադառնում ենք նրա ստեղծագործական կյանքին եւ այլ հարցերի։

-Մաեստրո, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում հնչեց Ձեր ստեղծագործությունը՝ «Ալպիական դիմակահանդես» սիմֆոնիկ պատկերը։ Այն պրեմիերա էր։ Հետաքրքիր է՝ հեղինակն ի՞նչ է ամփոփել այս ստեղծագործության մեջ։

-Ստեղծագործության ամբողջական անվանումն է՝ «Ալպիական դիմակահանդես. բյուրեղապակե կոշիկի իրական պատմությունը»։ Այսինքն՝ ներկայացվում է Մոխրոտիկի սյուժեն։ Այս ստեղծագործությունը պատվիրել է շվեյցարական դեսպանատունը՝ նախկին դեսպանի օրոք, որը մեծ երաժշտասեր է։ Նա շատ մեծ աշխատանք է կատարել հայ-շվեյցարական, եւ ոչ միայն, մշակութային փոխգործակցության եւ կապերի ամրապնդման գործում։ Այս ստեղծագործությունը դեռ երեք տարի առաջ պետք է կատարվեր, սակայն, ինչպես գիտեք, ոչ միշտ է ֆինանսավորում գտնվում։ Այստեղ ես օգտագործել եմ ալպիական լեռների ազգային մոտիվները։ Սիմֆոնիկ պատկերի մեջ ոչ միայն շվեյցարական երաժշտություն է, այլեւ ներառված են նաեւ գերմանական, ֆրանսիական տարրեր. կարելի է ասել՝ այս ստեղծագործությունը համաեվրոպական երաժշտական շերտեր է ամփոփում։ Սակայն ես փորձել եմ հատկապես շեշտել շվեյցարական մոտիվները։

-Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այս փառատոնի շրջանակներում ներկայացվեց «Ալպիական դիմակահանդեսը»։

-Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչները իմ 75-ամյա հոբելյանի առթիվ առաջարկեցին կատարել իմ գործերից որեւէ մեկը, ընտրեցի այս ստեղծագործությունը։ Ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու նրա կատարած աշխատանքը։ Ի դեպ, նրանք հնչեցրել են իմ բազմաթիվ ստեղծագործություններ։ Հրաշալի նվագախումբ է։

Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Իշխանովին, որի աջակցությամբ ձայնագրվել եւ տեսագրվել է համերգային երեկոն։ Շատ շնորհակալ գործ է։ Ես ինքս չէի կարող դա անել, նվագախումբն էլ ոչ միշտ է նման հնարավորություն ունենում։ Դասական երաժշտությունը մշտապես մեկենասների կարիք ունի։ Գիտեմ, որ Կոնստանտին Իշխանովն օգնում է շատ երաժիշտների, եւ սա նրա կողմից առաջին աջակցությունը չէ, ինչի համար իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում։

-Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հանրահռչակում է հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորներին, նրանց ստեղծագործությունները։ Ձեր գնահատականը նման նախաձեռնությանը։

-Մաեստրո Սերգեյ Սմբատյանի գլխավորած նվագախումբը շատ մեծ աշխատանք է կատարում հայկական կոմպոզիտորական արվեստը պրոպագանդելու ուղղությամբ։ Որքան ես գիտեմ, սա միակ նվագախումբն է, որը ծրագրված եւ հետեւողականորեն ներկայացնում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ես շատ ուրախ եմ, որ այս փառատոնի շրջանակներում մեր դասականների կողքին նաեւ իմ հոբելյանն է նշվել։

Ի դեպ, օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում իմ 75-ամյակին նվիրված եւս մեկ՝ կամերային համերգ տեղի ունեցավ։ Եվ ես շատ զգացված եմ իմ արվեստի նկատմամբ երաժիշտների ուշադրությունից։

-Պարոն Կոկժաեւ, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է լինելու հայ երաժշտության վաղվա օրը։

-Ես երկար տարիներ դասավանդում եմ Երեւանի պետական կոնսերվատորիայում։ Եվ վստահորեն կարող եմ նշել, որ մենք ունենք հրաշալի սերունդ, որի ձեռքերում է հայկական երաժշտության ապագան։ Միայն թե մեր բազմաչարչար հայրենիքի շուրջ իրավիճակը բարելավվի։ Մյուս կողմից էլ պետք է ասեմ՝ քանի դեռ հայաստանյան համերգասրահներում հնչում է այսպիսի երաժշտություն, մենք անհաղթելի ենք։

Զրույցը` Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31