Լրահոս
Օրվա լրահոսը

Որևիցե պետություն չի գալու քո տունը պահի, եթե դու պառկած քնած ես քո տանը. Սեյրան Օհանյան. «Մեդիալաբ»

Մայիս 27,2021 16:24

«Մեդիալաբ»-ի հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, արդեն երկու շաբաթից ավելի հայկական սուվերեն տարածքում են գտնվում ադրբեջանական զորքերը, այսօր էլ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ Ադրբեջանը գերի է վերցրել վեց զինծառայողի: Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ է կատարվում, ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարությունը: Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի ՊՆ-ն:

– Իրավիճակն իսկապես շատ վատ է, վատ է նաև հանրությանը տեղեկացնելու առումով: ՊՆ-ն պետք է վերահսկողություն իրականացնի ոչ միայն զինվորական առումով, այլ նաև տեղեկատվական խնդիրները պատշաճ կերպով ներկայացնելու առումով:

ՊՆ-ն պետք է հստակ մեկնաբանի, ծառայողական քննություն անցկացնի, անհրաժեշտության դեպքում՝ նաև քրեական գործ հարուցի ՝ ոչ միայն մեր սահմանային ծառայության խախտումների մասով, այլ նաև հակառակորդի կողմից արվող խախտումների վերաբերյալ ու ներկայացնի միջազգային հանրությանը:

Քաղաքական-միջազգային դիվանագիտական հարթակում և մեր երկրի ներսում ռազմական-իրավական ուղղություններով համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի՝ այս իրավիճակից դուրս գալու համար:

Իսկ մենք հասել ենք այս վիճակին, որովհետև համապատասխան որոշումներ ժամանակին չեն ընդունվել: Զինվորական հրամանատարության համար թե՛ մարտավարական օղակում, թե՛ օպերատիվ-մարտավարական օղակում մարտական խնդիրը ստանալուց հետո ժամերի հարց է որոշում ընդունելը:

Մեկ օրվա հարց է մեկ դիրք փորելը՝ ինժեներական առումով կահավորել, մի քանի օրվա հարց է զորքի համալրում իրականացնելը: Ընդհանուր առմամբ, ժամերի հարց է հաշվարկներ կատարել և որոշել՝ որտեղ ունենք բացեր և դրանք ինչ ստորաբաժանումներով ու զորամասերով ենք փակում:

Այդ ամենը կարելի է իրականացնել մինիմալը մեկ շաբաթվա ընթացքում: Վեց ամիս է անցել, ի՞նչ են արել, որովհետև Նիկոլի իշխանության բոլոր որոշումներն անադեկվատ են:

Իսկ ինչպես են նրանց թիմակիցները մեկնաբանում. դե, մի բարձունք է, այդպիսի բաց բարձունքներ շատ կան, կամ՝ դե, ամայի տարածություն է, մի քանի փոքր-մոքր գյուղեր են: Այս սրիկաները չեն հասկանում, որ կյանքից առավելը մեր տարածքն ու հողն է՝ և՛ այստեղ, և՛ Արցախում: Նիկոլի համար կարևորն իր աթոռն ու քամակը պահելն է, իսկ իր սահմանների պաշտպանությունը չի իրականացնում:

Ընդգծեմ նաև, որ այն, ինչ կատարվում է սահմանին, մոլորեցնում են մեր ժողովրդին, որ սա ընդդիմությունն է կազմակերպում: Ընդդիմությո՞ւնն է կազմակերպում ձեր պաշտպանությունը, ընդդիմությո՞ւնն է գալիս ձեր զորամասերում ծառայում, էդ դեպքում դուք ինչի՞ն եք պետք, եթե ընդդիմությունն է ղեկավարում: Իրականում իրենք են անգործության մատնված պետական կառավարման համակարգում և ադեկվատ որոշումներ չեն ընդունում:

Այս իրավիճակից ելքը մեկն է. ռազմական, դիվանագիտական առումով միջազգային հարթակում առաջինը քայլեր կատարել ու մեր ռազմավարական գործընկերների օգնությամբ միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի այս լկտի պահվածքը, բայց որևիցե պետություն չի գալու քո տունը պահի, եթե դու պառկած քնած ես քո տանը:

Մեղադրում են, թե ՀԱՊԿ-ը չափազանց դանդաղ է գործում, ՀԱՊԿ-ը դանդաղ է գործում, դու էլ քնած ես էս պետության մեջ, հասկանո՞ւմ եք՝ ի՛նչ է կատարվում:

– Պարո՛ն Օհանյան, այս գործելաոճով օրվա իշխանությունը երկիրն ո՞ւր է ուզում հասցնել:

– Սա կամ անգրագիտություն է, կամ դավաճանություն, կամ պայմանավորվածություն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, որը դավաճանության մաս է: Մեր պետությունը տանում են լիակատար նսեմացման, որից հետո ինչ ուզեն՝ թելադրեն մեզ՝ անունը դնելով, թե որոշումներ ենք ընդունում, որոնք համապատասխանում են մեր շահերին: Ոչ մի որոշում էլ չեն ընդունում, ամեն ինչ գաղտնի են կատարում: Իրենք միայն իրենց աթոռներն են պահում, մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ. Նիկոլի իշխանությունը հայրենիքի համար կռիվ տվող իշխանություն չէ:

Քրիստինե ԱՂԱԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31