Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ից սկսած՝ սահմանի պահպանման, ինժեներական տարբեր աշխատանքներ արվել են, որոնք շարունակվում են մինչեւ այսօր: Մարզպետն ասաց, որ վերջին իրադարձությունների հետ կապված՝ սահմանային ինժեներական աշխատանքները շատ ավելի ինտենսիվ են կատարվում:
Նրա խոսքով, տղաների գերի ընկնելու հանգամանքը տեղի է ունեցել հերթական որոշակի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս:
Մարզպետից հետաքրքրվեցին՝ ինչ տարածքով են ադրբեջանցիները առաջ եկել եւ ինչ թվաքանակով են եղել, Գնել Սանոսյանն ի պատասխան ասաց. «Թվաքանակներ հայտնի են, բայց թվեր չեմ հրապարակի: Մենք ինֆորմացիային տիրապետում ենք ամբողջությամբ, գիտենք՝ քանի հոգի են, որտեղ են, տեղաշարժը գիտենք: Երբեմն դա տեղափոխվում է: Վայրեր կան, որտեղ նոսրացել է նրանց թվաքանակը, կարծում եմ, որ ճիշտ չէ հիմա թվաքանակ հրապարակելը»։
Հարցին՝ կառավարության նիստում մարզի անվտանգության համար վարչապետից ի՞նչ ցուցումներ է ստացել, Գնել Սանոսյանը պատասխանեց, որ պաշտպանության ոլորտի գործընկերների հետ քննարկել են փոխադարձ գործակցության հարցեր, որն ամենօրյա գործընթաց է եւ արվում է:
Կարդացեք նաև
Մարզպետը միայն տեղյակ էր, որ 6 հայ գերիներին վերադարձնելու համար այս պահին բանակցություններ են ընթանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ