Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ վատ եմ զգացել, նայել եմ «Երեւանյան օրերի խրոնիկան». Վալերիա Ալյունինա

Մայիս 27,2021 15:05

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահում» անցկացվում են հայ կինոյի երախտավորներին նվիրված միջոցառումներ: Հերթականը անվանի​ կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին նվիրված «На излете оттепели» գրքի շնորհանդեսն էր, որին ներկա էին նաեւ գրքի հեղինակներ​ Վալերիա Ալյունինան (Մոսկվայից) , Պավել​ Ջանգիրովը եւ այլք:

Շնորհանդեսին առանձնահատուկ «համուհոտ» տվեց առաջին անգամ ցուցադրվող փոքրիկ տեսաֆիլմը` Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» ֆիլմի մասին:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ ֆիլմը եւ ընդհանրապես Դովլաթյանի արվեստը չի գնահատվել այնպես, ինչպես պետք է գնահատվեր. «Դա ոչ միայն կինեմատոգրաֆ է, ոչ միայն արվեստ է, այլեւ իր ողջ խորությամբ մի պատմություն է, որն անընդհատ կրկնվում է»:

Գրքի հեղինակ Վալերիա Ալյունինան նշեց, որ աշխարհընկալման եւ հոգեւոր առումով Ֆրունզե Դովլաթյանը փոխարինել է իր հորը. «Միշտ, երբ ինձ համար դժվար է եղել, ես Դովլաթյանի ֆիլմերն եմ նայել: Գուցե տարօրինակ է նման բաներ լսել ազգությամբ ռուս մարդուց, բայց երբ վատ եմ զգացել, նայել եմ «Երեւանյան օրերի խրոնիկան»…Ընդհանրապես ես իմ օրը սկսում եմ նրանով, որ ամեն առավոտ նայում եմ, թե ինչպիսին է եղանակը Երեւանում…»: Գրքի հեղինակի ձեւակերպմամբ, Դովլաթյանի կինոն ունիվերսալ է, ինչպես ինքը` այն հայկական է, սովետական , համաշխարհային. «Ես նրա արվեստի բազմաշերտությունն եմ ցանկացել ներկայացնել, եւ հույս ունեմ, որ Ֆրունզե Դովլաթյանին ներկայացրել եմ իր ողջ «հասակով»:

Միքայել Դովլաթյան

Ռեժիսորի որդին Միքայել Դովլաթյանը նշեց, որ գրքի վրա աշխատելու ժամանակ է բացահայտել Վալերիա Ալյունինային. «Ես չգիտեի, որ նման մարդ կա, որն ուղնուծուծով այդքան հայ է: Նա շատ մեծ գործ է արել ոչ միայն մեր մշակույթը ռուս ընթերցողին ներկայացնելու առումով, այլեւ Արցախում է շատ գործեր արել … Հայրենանվեր մարդ է Վալերիա Ալյունինան: Նույնը վերաբերում է նաեւ Պավել​ Ջանգիրովին, որը շատ մեծ գործ է արել աշխատելով Դովլաթյանի արխիվում: Գրքում կան այնպիսի բաներ, որոնց մասին անգամ ինքս տեղյակ չէի»:

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքով, շնորհիվ Դովլաթյանի, բացահայտումներ եղան կինոյում, շատերը դարձան ճանաչված դերասաններ, Արմեն Ջիգարխանյանն էլ ընդունեց, որ Դովլաթյանով բացվեցին դարպասները, եւ նրա ֆիլմերի շնորհիվ իր տաղանդը տեսավ աշխարհը, շատերը կինոարվեստ մուտք գործեցին հենց Դովլաթյանի շնորհիվ:

«Դովլաթյանի ֆիլմն ավելորդ զարդեր չի ընդունում` լինի դա կադրը, հարաբերությունները, տաղավարը, թե նատուրան…Ամեն ինչ կենդանի է ու բնական…Նոր հիշում եմ, թե ինչպես էր «Բարեւ, ես եմ» ֆիլմի նկարահանման ժամանակ փակվել մի ամբողջ փողոց, որովհետեւ հա կինոն նկարում էր «Բարեւ, ես եմ»…Բոլորը հիշում են «Հին մանկական աշխարհը»` Կիրովի անկյունի վրա…Այդ փողոցը փակ էր, որովհետեւ նկարվում էր «Բարեւ, ես եմ» ֆիլմը»,-ասաց կոմպոզիտորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31