Մայիսի 30-ից մեկնարկում է «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կտեւի մինչեւ հունիսի 15-ը: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Նրա խոսքով, «Արմմոնոն» ընդգրկում է նաեւ «Արմմոնո+»-ը: «Այս տարվա «Արմմոնոյի» թիրախում մեր մարզային թատրոններն են: Փառատոնը կբացվի Գեղարքունիկի մարզի Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանի բեմադրությամբ»,-հավելեց Մարիաննա Մխիթարյանը:
Արմեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ ներկայացումը Վսեվոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկ» պատմվածքի թեմաներով է բեմադրված, դերակատարը Լաուրա Ստեփանյանն է: «Չեմ ուզում պատմել ներկայացման մասին, թող անակնկալ լինի, բայց հավատացնում եմ, որ ներկայացման մեջ կան խնդիրներ, շոշափված թեմաներ, որոնք մեր կյանքում, մեր առօրյայում անհանգստացնում են»,-ասաց նա:
Լաուրա Ստեփանյանի ձեւակերպմամբ, ներկայացման թեման համամարդկային է. «Մեզ համար շատ կարեւոր է, որ մարդիկ վերանայեն իրենց կյանքը, հասկանան, թե ուր են գնում»:
Կարդացեք նաև
Մարիաննա Մխիթարյանը փաստեց, որ թրենդային է դարձել միջազգային ծրագրերի առցանց լինելը, նաեւ հույս հայտնեց, որ մյուս տարի իրենց բարեկամները կժամանեն Հայաստան եւ կմասնակցեն փառատոնին: Միջազգային առցանց ծրագրերի շրջանակում հնարավոր կլինի դիտել Ռուսաստանը ներկայացնող Անտոն Մոզգալյովի «Դահիճը», Վիկտոր Բուգակովի «Սեկտոր գազա», Մարինա Կորոբեյնիկովայի «Մայրական ծովերի հետքերը», ինչպես նաեւ Յուլիա Դյուսեբովայի «Մեկին, ով գիտի» (Ղազախստան), Գալինա Լոբանոկի «Առանց դիմափոշի» (Բելառուս), Ամիր Մեյ- Թալ՝«Եռապատկեր» (Իսրայել) ներկայացումները:
«Այս տարվա մեր թիրախային նպատակը նաեւ մեր բեմադրիչների եւ դրամատուրգների բացահայտումն է»,-նշեց փառատոնի տնօրենը: Ասաց նաեւ, որ փառատոնի ավարտին հունիսի 14-ին հանդիսատեսը կտեսնի ու կլսի սիրո պատմություններ. «Սերը շատ ավելի մեծ դեր ու մեծ տեղ պետք է ունենա մեր կյանքում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ