Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնալով վիճակը կարող է ավելի լարվել. քանի որ Ադրբեջանի բանակի ներկայացուցիչները մեր սուվերեն տարածքում են». Գեղարքունիքի մարզպետ

Մայիս 27,2021 14:33

«Իրավիճակը սահմանի այդ հատվածում շարունակում է նույնը մնալ, իհարկե կա լարվածություն, որովհետեւ մայիսի 12-ից սկսած գիտեք, որ Կութ եւ Վերին Շորժա բնակավայրերի հարակից հատվածներում մենք ունենք Ադրբեջանի բանակի ներկայացուցիչներ մեր սուվերեն տարածքում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը հենց սկզբից գերի չվերցրեց ադրբեջանցի զինծառայողներին ու համարժեք պատասխան չտվեց, արդյոք կա՞ հրաման, որ որեւէ ադրբեջանցի գերի չվերցնեն, Գնել Սանոսյանը պատասխանեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ հարցերով զբաղվում են ՊՆ-ն եւ Գլխավոր շտաբը: Դիտարկմանը՝ բայց մարզպետն էլ պատասխանատու է մարզի համար, պարոն Սանոսյանը պատասխանեց՝ այո, պատասխանատու եմ. «Եվ կամավորները, եւ համայնքի ղեկավարները ընդամենն աջակցում են ՊՆ-ի գործողություններին: Ոչ մի տեղ համայնքի ղեկավարը գլխավոր բանակցող չի հանդիսանում: Կարող է այնպես լինել, որ մեր ԶՈՒ գործընկերների հետ որեւէ համայնքի ղեկավար մասնակցի, ներկա լինի, բայց գլխավոր բանակցողը նրանք են»:

Մարզպետի կարծիքով, մինչեւ այս պահը դիվանագիտական աշխատանքն արդյունք չի տվել, քանի որ մինչ օրս Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Նրա խոսքով, գնալով վիճակը կարող է ավելի լարվել, որովհետեւ իրավիճակը անընդհատ չի կարող այսպես շարունակվել: «Մարդիկ են, զինվորներ են, նյարդեր են, անընդհատ կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ, որը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել: Դրա համար մեր կոչը, հորդորը եւ մեր կողմից արվող աշխատանքը հետեւյալն է, որ ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի»,-ասաց նա:

Մարզպետն ասաց, որ տեղյակ չէ Գեղարքունիքի սահմանին հնչած կրակոցների լուրերի մասին, քանի որ վերջին 1-1,5 ժամվա ընթացքում եղել է կառավարության նիստում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31