ԱԺ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովներն այսօր համատեղ արտահերթ նիստ կանեն՝ 15:00-ին։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների՝ ավելի վաղ նշանակված արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ «Փակ աշխատանքային նիստում ներկա կլինեն ԱԳՆ-ի եւ ուժային կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,-հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Ի դեպ, այս հանձնաժողովի այսօրվա նիստում նախատեսված էր անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Սոֆիա Հովսեփյանի հեղինակած՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» նախագծի քննարկումը, որը Ռուբեն Ռուբինյանի առաջարկով այս պահին ընթանում է փակ ձեւաչափով։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ