Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ և միջոցներով Ստեփանակերտի «Օլիմպ պլյուս» հյուրանոցային համալիրի տարածքում կհիմնվի մանկապարտեզ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ մայիսի 27-ին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը եղել են մանկապարտեզի համար նախատեսվող տարածքում և պլանավորել անելիքները։
Մեզ հետ զրույցում Զ. Խանջյանն ասել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողություններից հետո մեր հայրենակիցները կորցրել են բնակավայրերը, իսկ երեխաները՝ դպրոցներն ու մանկապարտեզները, ուստի պետք է ուշադրություն դարձվի այդ հարցին։ «Արցախյան ինքնությունն իմաստ չունի առանց ժողովրդի։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ ի վեր՝ 1990-ական թվականներից, նման ծրագրեր իրականացնում ենք Արցախում: Մենք վերջերս պատերազմի պատճառով դժբախտաբար, Շուշիում մի քանի ծրագրեր կորցրեցինք՝ ճամբարը, մանկապարտեզը, «Շող» կենտրոնը: Այս այցելությունը, անշուշտ, ընտանեկան այցելություն է, որովհետև Արցախը մեր տունն է, այնպես որ, անպայման, այս պատերազմից հետո Ավետարանչականի ներկայությունը անմիջականորեն վերահաստատվեց այստեղ: Արդեն դեկտեմբերի 1-ին մեր ծառայության բոլոր դաշտերը բաց էին՝ Մարտակերտից մինչև Ստեփանակերտ և Ասկերան, նույնիսկ Շուշիի այդ ծրագրերը, որոնք կորցրեցինք, նորից վերահաստատեցինք այստեղ: Շատ ուրախ ենք, որ պետությունը մեզ տրամադրեց այս շենքը, շնորհակալ ենք և երախտապարտ»,- նշել է նա՝ հավելելով, որ շենքը կվերանորոգեն և մանկապարտեզի տեսք կհաղորդեն։ Նա հույս հայտնեց, որ երեխաների թիվը սպասվածից ավելին կլինի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: