Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քննարկում էին կազմակերպել «ՀՀ-ում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով:
Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, անհայտ կորածների եւ գերեվարվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, գնդապետ Գեւորգ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը, որը ձեւավորվել է 2020-ի նոյեմբերին, համագործակցել է Արցախի մարմինների, անհայտ կորած անձանց հարազատների, ԱԱԾ-ի, ռուսական կողմի հետ ու որոշ աշխատանքներ իրականացրել:
Նա հայտնեց, որ մինչ օրս հանձնաժողովին դիմել են 1694 անհայտ կորածների հարազատներ: 7 ամսում որոնողական աշխատանքների միջոցով հայտնաբերվել է 1270 քաղաքացու աճյուն. «Ներկա պահին ունենք 70 եւ ավելի անհայտ կորածի հարազատ, ով հրաժարվում է հանձնել ԴՆԹ թեստ, ինչպես նաեւ ունենք 100-ից ավելի ԴՆԹ հանձնած աճյուն, որոնց հարազատներն անհայտ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ