Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եք այստեղ չգալ, զինվորը հաստատ զոհված է…». Ինչպես են Ավինյանի գրասենյակից հույս տվել անհետ կորած զինվորի հարազատին ու ամիսներով քաշքշել

Մայիս 27,2021 13:08

«Եղբայրս հոկտեմբերի 20-ին հայտնվեց զոհերի ցուցակում: Ապա անհետ կորածների ցուցակում, որովհետեւ մարմինը չէին գտել: Դեկտեմբերի 19-ին տեսանք տեսանյութ, որի մեջ գերին շատ նման էր եղբորս»,- այսօր «ՀՀ-ում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այսպես սկսեց պատմել անհայտ կորած զինվորներից մեկի՝ Սերգեյ Երիցյանի քույրը՝ Արուսիկ Օհանյանը:

Քննարկումը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Օհանյանը պատմեց, որ տեսանյութի հիման վրա դիմել են այդ հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանին. «Ասաց՝ չեն կարող նույնականացնել վիդեոյի տղային: Դիմել ենք Կարմիր խաչ, որեւէ պատասխան չենք ստացել: Հունվարից դիմել ենք Նազելի Բաղդասարյանին (նկատի ունի իմքայլական պատգամավորին), ասաց, որ ինքը անմիջական կապի մեջ է նաեւ խմբի հետ, աշխատում է նաեւ այդ ուղղությամբ ու ամենայն հավանականությամբ՝ ինքը ավելի շուտ լուր կունենա, քան մենք ու մեզ հետ կապի դուրս կգա: Մենք այդ ժամանակ դեռեւս չգիտեինք՝ եղբայրս գերի՞ է, թե՞ ոչ: Տիկին Բաղդասարյանն ասաց, որ ինքը ճշտել է, բայց լավ կլինի, որ մենք էլ ԱԱԾ-ից ճշտենք, բայց ըստ իր տվյալների՝ գերի է: Քանի որ լուր չկար տիկին Բաղդասարյանից, ես նաեւ դիմեցի պարոն Ավինյանի գրասենյակ Զարուհի Մաթեւոսյանին, նա ասաց, որ ԱԱԾ-ից ճշտել է՝ եղբայրս գերիների ցուցակում է ու ուղղորդեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ Իգորի մոտ, ազգանունը չեմ հիշում: Սկզբում նա ասաց, որ երկու օր կտեւի աշխատանքը, բայց երկու շաբաթից ավելի տեսանյութի վրա աշխատում էին: Մենք եղբորս հրամանատարից հստակ ունեինք ինֆորմացիա, որ տարածքն Իշխանաձորում է, այնտեղ էլ դեպքը տեղի էր ունեցել: Բայց սպասեցինք, որ ՊԲ-ն հաստատի»:

Աղջիկը պատմեց, թե ինչպես էին հակասում իրար զոհերի ցուցակը, վիրավորների խոսքերը: Պետական համակարգի նկատմամբ վստահությունը կորել էր ու չնայած եղբոր անունը տեսել էին զոհերի ցուցակում, իրենք են պնդել, որ երկրորդ անգամ ԴՆԹ փորձաքննություն արվի. «Երկրորդ փորձաքննությունից հետո Ավինյանի գրասենյակից Զարուհի Մաթեւոսյանը զանգել է ու ասել, որ բանավոր ճշտել է՝ Սերգեյ Երիցյանի անունով որեւէ համընկնում չկա ԴՆԹ-ի ու մոտենամ Հերացու կենտրոն, որպեսզի ինձ հետ քննարկեն, քանի որ դեպքը տարբերվում է: Ես ուղիղ 10 րոպե հետո կենտրոնի դիմաց էի ու ինձ ներսից զանգում են ու ասում՝ «կներեք, շփոթմունք է եղել, կրկնակի ԴՆԹ-ն էլ հաստատվեց, կարող եք այստեղ չգալ, զինվորը հաստատ զոհված է… Ու ես մոտենում եմ քննիչներին, պարզվում է, որ այդ օրն է իրենց մոտ հաստատումը եկել ու ինձ ասում են՝ մեկա ճանաչում եք, ընտանիքին կասեք, չէ՞, որ ինքն է զոհվածը»,- սա ասելիս Արուսիկ Օհանյանը չէր կարողանում բառերն արտաբերել, հուզվում էր ու կում-կում ջուր խմում:

Նրա համար անհասկանալի է՝ ինչպես է եղբայրը հայտնվել զոհվածների, մեկ գերիների ցուցակում: Ամենացավալի փաստը, որ նա արձանագրեց, հետեւյալն էր. «Այդ դեպքից հետո թե՛ տիկին Մաթեւոսյանը, թե՛ Իգորը իմ ու մորաքրոջս զանգերին այլեւս չպատասխանեցին: Ես դիմեցի արդեն ՀՔԱՎ-ի գրասենյակին ու հիմա փորձում ենք ինչ-որ ձեւ պարզել իրավիճակը»:

Ուշագրավ է, որ երբ ՀՔԱՎ-ից արդեն զանգել են Զարուհի Մաթեւոսյանին, նա ասել է. «Ես ուղղակի չէի ուզում, որ իրենք իրենց ունեցած վերջին հույսը կորցնեին, դրա համար ասացի, որ իմ ունեցած տվյալներով՝ գերի է»:

Արուսիկ Օհանյանը բառերը մի կերպ կոկորդից դուրս բերելով՝ արտաբերեց. «Հասկանո՞ւմ եք, մենք մի քանի ամիս այդ հույսով պայքարում ու ապրում էինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31