Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում. կառավարությունը շարունակում է մարտական գործողությունների մասնակից ուսանողների, նրանց ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցման գործընթացը

Մայիս 27,2021 13:21

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կառավարության նախկինում ընդունած համապատասխան որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4213 ուսանողի՝ հատկացնելով 895,4 մլն դրամ:

Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 մլն դրամը կուղղվի ևս 2735 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելուն: «Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1,463,861.7 հազար դրամ»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

Կապահովվի Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման գործընթացը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թ. պետբյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3,3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպիսով, ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 918, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թ.-ին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվել է միջոցառմամբ տարեկան չծախսված 377 մլն դրամի չափով նախատեսված գումարը ազատ եկամտի հաշվին հատկացնել կիսամյակում:

Կապահովվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով: Ըստ այդմ նախատեսվում է ավելացնել «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներով հատկացված միջոցները: Մասնավորապես` «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը առաջարկվում է ավելացնել 800 մլն դրամով: Ավելացումն ուղղվելու է քիմիաթերապիայի ծառայությունները պացիենտներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու նպատակով: «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումն առաջարկվում է ավելացնել 300 մլն դրամով՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման դեպքերի քանակի ավելացմամբ պայմանավորված:

Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրումը։ Ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 832 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 632.244.676 դրամ, որից 294.985.540 հազար դրամը 2021 թ.-ին 417 շահառուի համար։ Հաշվի առնելով ապրիլի 26-ի դրությամբ ծրագրերի համար դիմողների թիվը, ինչպես նաև նախորդ ամիսներին հաստատված հայտերի հիման վրա կատարված կանխատեսումները, որոնց համաձայն միջինում ամսական աջակցություն է ստանում 100 շահառու, ընդհանուր 70 մլն դրամի չափով, 2021 թ. երկրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 100 մլն դրամ շուրջ 140 (20-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 30-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 90-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։ 140 շահառուներին աջակցություն տրամադրելու համար կառավարության որոշմամբ նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ:

Լրացումներ՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողների համար տարբերակված աջակցություն հատկացնելու նպատակով։ Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողներին կտրամադրվի՝ 1 կգ-ի հաշվով լրացուցիչ 20 դրամ։ Համապատասխան որոշման ընդունման կապակցությամբ մատակարարների կողմից ներմուծված և ներմուծման ԱԱՀ-ով հարկված սերմերի քանակը 2020 թ. համար կազմել է 1557.7 տ, որի շրջանակում պետբյուջեում լրացուցիչ ծախսերը հաշվարկելու համար ուսումնասիրվել է մատակարարների կողմից ներմուծված 1 կգ սերմի ձեռքբերման գները։ Ըստ հիմնավորման՝ փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը կազմում է շուրջ 31.2 մլն դրամ: Արդյունքում ակնկալվում է բարձրացնել ծրագրի արդյունավետությունը, ավելացնել հանրապետությունում բարձրորակ աշնանացան ցորենի սերմերի ներմուծման և մատակարարման ծավալները, ցորենի ցանքատարածքները։

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №1»-ի ստորագրման առաջարկությանը, որով նախատեսվում է երկարաձգել «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների իրականացման և վարկային միջոցների մասհանման ժամկետները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետևանքով կկրճատվի ջրառը Սևանա լճից և մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը: Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման, կիրառումը։ Այս պահին ընդհանուր առմամբ՝ իրականացվել են ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 71 տոկոսը։

Կառավարությունը հավանություն է տվել 2018 թ. հունիսի 1-ին Դուշանբեում ստորագրված «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը նպատակաուղղված է որպես երկրորդային նյութական ռեսուրս Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները տնտեսական շրջանառության մեջ առավելագույնս ներգրավելու համար ԱՊՀ մասնակից-պետությունների ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության բարենպաստ պայմանների ապահովմանը՝ առաջնային բնական ռեսուրսների պահպանման և տնտեսման նպատակով։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների օրենսդրական և նորմատիվային կարգավորմանը, դրանց գործածության ստանդարտների մշակմանը, այդ թափոնների վերամշակման համար պայմանների և հզորությունների ստեղծմանը, ինչպես նաև դրանց գործածության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակմանը, ոլորտի մասնագետների պատրաստվածության և որակավորման մակարդակի բարձրացմանը:

Այլ որոշումներ. Ահարոն Սահակյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ էլ Ահարոն Սահակյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ:

Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը: Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:

Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 50,000 հազար դրամ հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ գալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստության համար կազմակերպվող ուսումնամարզական հավաքները լավագույնս կազմակերպելու և ազգային հավաքական թիմի պատրաստության մակարդակը բարձր պահելու համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31