Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթոյանն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք կեղծ խաղաղասիրությունից են խոսում ու թմրեցնում մեզ

Մայիս 27,2021 12:22

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քննարկում էին կազմակերպել «ՀՀ-ում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանական իշխանությունները առաջին օրից սկսած՝ մշտապես խոչընդոտներ են առաջացրել մարմինների փոխանակման հարցերում, գերիների պահանջները կատարելու հարցում, բացահայտ քաղաքականացնում են ու մեր հասարակությանը հոգեկան տառապանք պատճառում. «Ադրբեջանցիները ոչ բոլոր գերիների թիվն են հաստատել ու դա ավելի խնդիրներ է ստեղծում մարդասիրական առումով: Մի բան է, երբ 3 գերիների մասին է խոսքը, մեկ այլ բան է՝ մի քանի հարյուր: Եթե հրապարակվի թիվը, ճնշումը կմեծանա: Մենք ուրիշ ապացույցներ ունենք, կարող ենք ասել՝ մեր կարծիքով այսքան մարդ ունենք, արձանագրե՛ք այդ թիվը: Առաջին տեսանյութը, որ հայտնվեց, որ մեր կենդանի վիճակում գտնվող գերին իրենց մոտ է, պետք էր այդ պահից գնալ ու մեկնարկը դնել: Մանավանդ մենք գերիների հարցով լուրջ սահմանափակում ունենք: Շահարկումներ կան թե՛ որոշ քաղաքական գործիչների, ընդդիմադիրների կողմից: Մասնագիտական մոտեցումները չպետք է մոռանանք»:

Ըստ Թաթոյանի, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը շատ կարեւոր էր, բայց ճիշտ տեղի չունեցավ, ակնհայտ էր, որ Ադրբեջանի իշխանությունները չէին վերադարձնելու մեր գերիներին. «Արցախի հակամարտությունը չի ավարտվել, զինված հարձակումներ չկան, բայց հակամարտությունը շարունակվում է: Դա նշանակում է, որ իրենք իրավունք չունեն գերեվարված մարդկանց նկատմամբ հարուցել քրգործեր: Առավել եւս՝ պատերազմական հանցագործություն է հատուկ մարդուն գերեվարելը»:

Թաթոյան ասաց, որ եթե նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չլիներ գերիների վերադարձման մասին կետը, Ադրբեջանը պարտավոր էր դա անել, որովհետեւ միջազգային պահանջ է, պարտավոր են:

Օմբուդսմենն ասաց, որ իրենց բժշկի հետ հանդիպում են վերադարձած գերիների հետ, շատ հարցեր կան, որոնք չեն կարող հրապարակել. «Եղել են դեպքեր, երբ նոյեմբերի 9-ից հետո են գերեվարել, օրինակ՝ Մարալ Նաջարյանը, այսինքն, չկա ոչ մի սկզբունք ու բացահայտ քաղաքական տանիքի տակ են տանում, իրավական գործընթացից հեռու պահում: Արհեստական ձգձգումն էլ նույնպես պատերազմական հանցագործություն է: Իրենք ձեւավորում են միջազգային հանրությունում կարծրատիպեր, իբր ամեն ինչ ավարտված է, դրախտային վիճակ է, գնում ենք դեպի խաղաղություն, բայց Հայաստանը չի ուզում, էլ չեմ խոսում Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին: Բայց մեր իրավունքների հաշվին չպիտի խաղաղություն լինի, չի կարող խաղաղություն լինել: Մենք ատելության, թշնամանքի քարոզի մասին երբեք չպետք է մոռանանք: Մենք չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ թմրեցնեն մեզ: Ավելին, մենք ցավոք սրտի ունենք որոշ պաշտոնյաների անպատասխանատու հայտարարություններ, ովքեր թմրեցնում են հայերիս իրենց անպատասխանատու հայտարարություններով մեր զգոնությունը, վտանգում են մեր երեխաների ապագան, մեր երեխաների իրավունքները: Ես դրա մասին ստիպված արդեն հրապարակային եմ խոսում, որովհետեւ էլ չգիտեմ ինչ անեմ: Երեւի թե քրեական պատասխանատվություն է պետք նախատեսվի որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների համար: Դրանք շատ վտանգավոր են, միջազգային կազմակերպություններում էլ օգտագործվում են մեր դեմ, կան դեպքեր: Սրանք շատ զգայուն հարցեր են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31