Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի է ունեցել մեր զինվորների առևանգում, սա գերեվարում չէ». Նիկոլ Փաշինյան

Մայիս 27,2021 12:08

«Տեղյակ եք, որ այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, եւ ես կարեւոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով պաշտպանության նախարարության հայտարարությանը, որ ադրբեջանական կողմը ևս 6 զինծառայող է գերեվարել։

Նրա խոսքով. «ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացրելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրանք իրականացվել են զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն` դրանք չեն արվել դիվերսիոն նպատակներով: Այս գործողություններն արվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Իհարկե, հետագայում արդեն եղել է տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են: Հանգամանքներն, իհարկե, դեռ պետք է պարզվեն, բայց սա, ըստ էության, գերեվարում չէ: Տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգումը ՀՀ տարածքից: Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաեւ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ եւ հարցը հենց այս համատեքստում է: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար: Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող: Պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, մեր 6 զինծառայողները ունեցել են սահմանի կահավորման խնդիր, որը շարունակաբար տեղի է ունենում սահմանի ողջ երկայնքով: Շատ կարեւոր եմ համարում, որ այս դեպքի առիթով, որ հարցը ամենեւին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի եւ ԶՈՒ-ի դեմ օգտագործելու բոլոր փորձերը»։

Փաշինյանը նաև ասաց. «Սա Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Սա այն պարագան է, որ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ միջազգային լծակները իրադրությունը շտկելու եւ կարգավորելու համար: Մենք դրա համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու ենք: Շատ կարեւոր է, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցածի եւ դրա համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում հայկական լրատվական տիրույթում: Ես կարծում եմ, որ մեր հանրությունը այսօր առավել եւս պետք է համախմբված լինի մեր բանակի, պետական ինստիտուտների շուրջ, որ մենք այս իրադրությունը հաղթահարենք»։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ հակառակորդի նպատակներից մեկն այն է` իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես սովորական բան. «Երկրորդ սցենարն է հրահրել ռազմական բախում իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից ոչ մեկին տուրք չպետք է տանք: Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Երկրորդը, մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց, սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք շրջահայացորեն: ՀՀ Զինված ուժերը պետք է կատարեն սահմանների պահպանության եւ ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնցում, ներվային եւ չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները ամենեւին տեղին չեն»:

 Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31