Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Սանդիկով. Եթե կարծում են՝ կիրգիզը, տաջիկը, ուզբեկը, ռուսը, բելառուսը  կգան, կպաշտպանեն մեր սահմանները, չի լինելու. «Հրապարակ»

Մայիս 27,2021 10:38

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի քվոտայով մանդատ ստացած Ալեքսեյ Սանդիկովի հետ երեկ մեր զրույցը սկզբում ընթանում էր բավականին բարյացակամ մթնոլորտում։ Հետո, երբ հիշեցրինք, որ ինքը գուցե լավ պատգամավոր է եղել իր համայնքի համար, բայց մի թիմի անդամ է, որի օրոք Արցախը հանձնվեց, հազարավոր զոհեր ունեցանք, եւ հիմա վտանգված են մեր պետական սահմանները, նա ձայնը բարձրացրեց ու սկսեց մուննաթ գալ։ Մի խոսքով՝ ինչպես մի շարքային իմքայլական։ Սանդիկովն այս անգամ էլ ՔՊ-ի ցուցակում է ընդգրկված։

– Իսկ ձեր ազգակիցներին՝ որպես ՀՀ քաղաքացիների, ի՞նչ եք խոստանալու թիմի անունից, այն թիմի, որի օրոք եղավ պատերազմ, հազարավոր զոհեր, հողեր հանձնել, հիմա էլ Սյունիքից ենք տարածքներ հանձնում։

– Ձեր նշած մեղադրանքների ու կոնկրետ թիմի միջեւ կապը, ի տարբերություն Ձեզ, ես այդքան ուղղակի չեմ տեսնում։ Իմ ներկայացրած համայնքը, ինչպեսեւ նախորդ գումարման ԱԺ-ում, պետության հետ հարաբերությունները տեսնում էր ի դեմս ինձ՝ որպես ԱԺ պատգամավոր, նույնկերպ նախատեսում եմ, որ հարաբերությունները կշարունակվեն նաեւ գալիք Ազգային ժողովում։

– Մի բան էլ՝ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի մասով․ հիմա ձեր իշխանությունը դիմել է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին՝ օգնության ակնկալիքով․․․

– Մե՛ր իշխանությունը, ոչ թե իմ, այլ՝ մեր։ Դուք ՀՀ քաղաքացի՞ եք։ Ուրեմն կա՛մ իշխանությունը բոլորինս է, կա՛մ ոչ ոքինը։ «Մեր» ու «Ձեր» չկա, Վահե ջան, ես էմոցիոնալ եմ ընդունում, որովհետեւ իշխանությունը ե՛ւ իմն է, ե՛ւ քոնն է, ե՛ւ էն սիրուն աղջկանը։

– Թողեք՝ իմ սեփականության հետ կապված հարցերն ինքս որոշեմ, թե ինչն է իմը, ինչը՝ ոչ։ Հարցնում եմ՝ իշխանությունը դիմել է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին, ի՞նչ է լինելու դրանից հետո։

– Լավ է արել՝ դիմել է, ընթացակարգեր կան, այլ առաջարկներ ունե՞ք, ո՞ւմ դիմենք։ Գործընթացները կատարվում են։

– Ուզում եմ իմանալ՝ այդ կառույցն օգնելո՞ւ է մեզ, թե՞ չի օգնելու։

– Էդ կառույցը կատարում է իր լիազորությունների շրջանակում կատարված բոլոր գործընկերային հարաբերություններով պայմանավորված բոլոր գործողությունները։ Եթե դիվանին նստած, էն իրենց փրչոտ փորերը քորող հրամանատար կոչեցյալ քաղաքացիները մտածում են, որ պետք է հենց հիմա կիրգիզը, տաջիկը, ուզբեկը, ռուսը, բելառուսը գան ու պաշտպանեն իր սահմանները, մինչեւ իրենք նստեն Ֆեյսբուքում ու հրամանատարություն անեն, այդպես չի լինում։ Պետական կառույցներն ունեն իրենց բոլոր գործընթացները՝ դիմումը գնաց, դիմումը քննարկվում է, անցնում է ռազմական, դիվանագիտական բոլոր խողովակներով, եւ դրա արդյունքն արտահայտվում է։

– Եվ ի՞նչ է փոխվել արդյունքում՝ թշնամին շարունակում է մնալ մեր երկրում։

– Թշնամին շարունակում է մնալ մեր երկրում, ուրեմն մենք ունենք 2 տարբերակ՝ կա՛մ լուծել հարցը դիվանագիտական տարբերակով, կա՛մ գնալ սահման ու կռվել։

– Այսինքն՝ ՀԱՊԿ-ից ձե՞ռք ենք քաշում։

– Մենք բոլոր դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններով, նաեւ ՀԱՊԿ-ով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով կամ այլ միջազգային կառույցներով, որտեղով որ մենք մի փոքր լծակ ունենք, որ կարող ենք ազդել առանց մի գրամ արյուն թափելու, ավելի լավ է՝ 20 օր հետո հարցը լուծենք, քան էդ իմ նշված հրամանատարների կողմից, որ ասում են՝ գնացեք, մտեք, փրթեք-թափեք, 10 հոգի՝ էս կողմ, 10 հոգի՝ էն կողմ։ Ես դրա կողմնակիցն եմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31