Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակների լույսն ու ստվերը

Մայիս 27,2021 10:00

Վերջապես հրապարակվեցին ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները: Հասկանալով, որ մենք ապրում ենք պետության մեջ, որը պետք է ունենա իշխանություն եւ, մասնավորապես, խորհրդարան, վարչապետ, նախարարներ եւ այլն, այդուհանդերձ, ես անձնական, զուտ սուբյեկտիվ բացասական վերաբերմունք ունեմ որեւէ ցուցակի հանդեպ: Իմ համար կարեւորը «ան-հատ»-ն է, «in-divid»-ը՝ այն, ինչ չի տրոհվում, չի հատվում, չի կիսվում. եթե մարդուն հնարավոր չէ բաժանել «պահեստամասերի», ապա անհնար է նաեւ մտցնել կուսակցական կամ «դաշինքային» մեքենայի մեջ: Վստահ եմ, որ ցանկացած մարդ պետք է իր մեջ հաղթահարի որոշակի ներքին դիմադրություն՝ «շարք կանգնելու» կամ «ցուցակ մտնելու» համար:

Բայց, եթե բոլորն ինձ նման մտածեին, պետություններ չէին գոյանա, պատերազմներ չէին լինի, մարդիկ երկրների ներսում իշխանության համար չէին պայքարի, եւ, հետեւաբար, իմ պատկերացումները, մեծ հաշվով, ուտոպիստական են, անիրատեսական: Պարզապես ուզում եմ, ելնելով իմ այս «սխալ» նախատրամադրվածությունից, ասել, թե ինչն է ինձ ուրախացնում կամ տխրեցնում:

Ես ուրախ եմ, որ ՔՊ ցուցակում չկան այն մարդիկ, որոնց ես համակրում եմ (պայմանով, իհարկե, որ նրանց գործադիրում պաշտոն չեն տա): Ուղղակի հույս ունեմ, որ նրանք իրենց հետագա գործունեության ընթացքում կկարողանան մաքրվել խայտառակ պարտություն «ապահովված» քաղաքական թիմին պատկանելու խարանից:

Ես տխրում եմ, երբ տեսնում եմ իմ հավանած մարդկանց ՈՐԵՎԷ ցուցակում, բայց հատկապես՝ ՔՊ-ի, ինչպես նաեւ «ՔՊ-2» եւ «ՔՊ-3» կուսակցությունների ցուցակներում (կարծում եմ, հասկանալի է, թե որ ուժերի մասին է խոսքս): Պարզ է, որ մարդկանց մոտիվացիան կարող է տարբեր լինել, եւ ամենեւին չեմ բացառում նաեւ միանգամայն ազնիվ շարժառիթներ: Բայց բախտը կապել պատմական հեռանկար չունեցող իշխանության հետ (որն այս անգամ գուցե վերարտադրվի), ինձ թվում է, չափազանց սխալ հաշվարկ է:

Ես ցավում եմ, որ ՔՊ-ում տեղ են գտել գործարարները՝ անկախ կոնկրետ այդ երկու անձանց հանդեպ իմ դրական վերաբերմունքից: Բիզնեսմենների ներգրավումը քաղաքականության եւ, հնարավոր է, նաեւ իշխանության օղակների մեջ, նշանակում է էական նահանջ 2018 թվականի հեղափոխության սկզբունքներից եւ մինչ այդ տարիների ընթացքում ընդդիմության քարոզչությունից եւ հռետորաբանությունից: Եթե նույնն էին անելու, ինչ որ «նախկիններն» են արել, ինչի՞ համար էին կուրծք ծեծում:

Վերջապես, ես տխրում եմ, երբ մեծահարուստները ստեղծում են «խաղալիք» քաղաքական ուժեր, որոնք ոչ մի շանս չունեն ընտրվելու: Բայց դա ոչ միայն Հայաստանի առանձնահատկությունն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31