Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունն ընդունվել է ի գիտություն, խորհրդակցություններ անցկացնելու աշխատանքները շարունակվում են:
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը:
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդունվել է ի գիտությունը: Աշխատանքը՝ համաձայն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարության շարունակվում է»,- ասել է Զեյնետդինովը:
Նա նաև հիշեցրել է, որ երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի և պետական սահմանի այդ հատվածում սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում» և չէր բացառել, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ