Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Դեյվիդ Ուինթերսը կինոճանապարհային քարտեզ գծեց հայ արվեստագետի համար

Մայիս 27,2021 13:00

Հարցազրույց ամերիկաբնակ մնջախաղաց, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ Արթուր Դեր Թումասյանի հետ

– «Առավոտն» առաջին անգամ է հանդիպում ձեզ հետ։ Համոզված ենք, որ հայաստանցի արվեստասերը ձեզ կմտաբերի որպես մնջախաղացի։ Ընդամենը գիտենք, որ 1990-ականներին մեկնել եք ԱՄՆ, որտեղ էլ ընդլայնել եք ձեր գործունեության շրջանակը՝ կայանալով մշակույթի այլ ոլորտներում եւս։ Կոնկրետ ե՞րբ հայտնվեցիք ԱՄՆ-ում եւ ի՞նչ ճանապարհ եք անցել։

– Ամերիկա մեկնեցի 1999թ. եւ 15 տարի էմիգրանտի կյանքով եմ ապրել, կատարել եմ ցանկացած աշխատանք՝ սկսած փողոց մաքրելուց, ռեստորանում սպասք լվանալուց մինչեւ տաքսի վարել։ Միակ լուսավոր կետը ժամանակ առ ժամանակ ծովափնյա Պանամա Սիթի Բիչ քաղաքի թատերական ինստիտուտում մոնոներկայացումներով հանդես գալն էր։ Այդ ընթացքում սկսեցի պատմվածքներ գրել։ Ամենակարեւորը գիտե՞ք որն է. 15 տարվա մեջ ոչ մի պատմվածք այդպես էլ ավարտին չհասցրի։ Տեղին է ասել, որ հավանաբար Բարձրյալը այլ ծրագրեր ուներ ինձ հետ…

Արթուր Դեր Թումասյանը Դեյվիդ Ուինթերսի հետ

– Մինչ այդ ծրագրերը, կխնդրեինք ներկայացնել ձեր գործունեությունը Երեւանի մնջախաղի թատրոնում։

– 1982 թվականին էր, երբ սկսեցի գործունեությունս Արսեն Փոլադովի կողմից 1974թ. հիմնած մնջախաղի թատրոնում։ Այն շարունակվեց մինչեւ 1987թ.։ Հետո ուսանեցի անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի արվեստանոցում։ Իսկ 1990-ականներին սկսեցի գոյատեւել անմշակույթ կյանքով… Մի օր փողոցում քայլելիս հասկացա, որ ես պարզապես պետք չեմ այս քաղաքին, պետք չեմ ընտանիքիս, քանի որ չեմ կարողանում պատշաճ ձեւով հոգալ նրա կարիքները, ոչ մեկին պետք չեմ, մեծ հաշվով՝ ինքս ինձ էլ պետք չեմ… Ներսումս անտարբերության զգացում էր, անորոշ վիճակ… Հասկացա, որ նման պարագայում զոհողություն է պետք եւ որոշեցի հեռանալ։ Իսկ գիտե՞ք, թե այդ հեռացման մեջ ի՜նչ վիրավորանք կար…

Կադրեր «Գերեզմանափորը» և «Մենախոսություն Նանայի հետ» ֆիլմերից

– Պարզ է՝ հեռացաք ԱՄՆ։ Եվ տեւական ժամանակ՝ 15 տարի ամեն ինչ արեցիք ընտանիք պահելու համար։ Իսկ հետո՞։

– Հույս չունեի, որ տարիներ անց հրաշքով մի դուռ կբացվի ու հիմնովին կտրվեմ մասնագիտությանս։ Եվ հանկարծ հեռախոսի զանգ. ու ոչ ավել-ոչ պակաս՝ աշխարհահռչակ դերասան, պարուսույց, «Վեսթսայդյան պատմություններ» ֆիլմի լեգենդար դերասան Դեյվիդ Ուինթերսի կողմից։ Հրավիրում էին նկարահանվելու որպես մնջախաղաց։

– Որտեղի՞ց նա ձեզ գիտեր։

– Ասացի, որ ինստիտուտում մոնոներկայացումներով եմ հանդես եկել, լսել էր իմ մասին։ Կարճ ասած՝ նկարահանվեցի հենց իր ռեժիսուրայով «Պարն ընթացքի մեջ» ֆիլմում։ Դա 2015 թվականին էր։

– Կարելի՞ է ենթադրել, որ դա ձեր կինոկարիերայի սկիզբն էր։

– Ոչ։ Երեւանում 1993թ. «Հայք» կինոստուդիայի պատվերով նկարահանել եմ միակ խաղարկային կարճամետրաժ «Հպում» ֆիլմը։ Նույն տարի էլ այդ ֆիլմով մասնակցեցի Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացված փառատոնին։ Իսկ հաջորդ տարի արդեն ես կազմակերպեցի փառատոն։

– Այդ ծանր, անհույս տարիներին, երբ հանրապետությունում հանապազօրյա հացի խնդիր կար…

– Վարում էի հայ-շվեյցարական «Առագաստ» ակումբի մշակույթի բաժինը եւ, կարճ ասած՝ ինձ հաջողվեց շվեյցարացի մեկ-երկու հովանավոր գտնել…

– Վերադառնանք ԱՄՆ։ Ներկայացրեք, խնդրեմ, ձեր՝ կինոռեժիսորի առաջին քայլերը։

– Միանգամից ասեմ, որ որպես կինոռեժիսոր սկսել եմ Դեյվիդ Ուինթերսի հորդորով։ Նա գիտեր, որ Երեւանում ֆիլմ եմ նկարահանել։ Մի օր ինձ խիստ տոնով դիմեց, ասելով, թե ինչու ֆիլմ չեմ նկարահանում։ Պատասխանեցի, որ նախ՝ ֆինանսական պայմանները թույլ չեն տալիս, մյուս կողմից էլ՝ տարիքս արդեն բարձր է՝ 50 տարեկան եմ։ Խոսքերիցս հետո Դեյվիդը պարզապես հարձակվեց վրաս, բղավելով, թե իրենց մոտ չեն վստահում 50 տարեկանից ցածր ոչ մի ռեժիսորի, սցենարիստի… Ասաց, որ չափից ավելի հավանել է իմ սցենարով ու ռեժիսուրայով «Հպում» ֆիլմը…

– Եթե Դեյվիդ Ուինթերսն է նման կարծիք հայտնել, գոնե կներկայացնե՞ք այդ ֆիլմի սյուժեն հակիրճ։

– Ֆիլմը մի համարձակ կնոջ մասին է։ Հերոսուհիս երեւանյան փողոցների փոշուց մաքրվելու նպատակով հաճախ բարձրանում էր տանիք, մերկանում ու մեդիտացիայի միջոցով մաքրվում։ Ընդ որում, փոշոտ բառը վերաբերում է նաեւ մարդկային փոխհարաբերություններին։
Դեյվիդի հորդորից հետո անցա գործի։ Ամերիկայում առաջին ֆիլմս, որ նկարահանեցի, հայաստանցի գեղանկարչուհի Նանա Փիլոյանի մասին էր, որն իրականացրի 2016թ., Երեւանում։ Երկրորդն արդեն 2019 թվականին էր. լիամետրաժ գեղարվեստական «Գերեզմանափորը» ֆիլմը…

– Ինչո՞ւ մինչ օրս ծանոթ չենք ձեր ֆիլմերին։

– Այս պահին պատրաստվում եմ երկու ֆիլմերիս շնորհանդեսին, որը կկայանա հուլիսի 14-ին, Կինոտանը։ Մի նախագիծ էլ ունեմ. ձեռնամուխ եմ լինելու նոր՝ «Փոստատարի վերջին նամակը» ֆիլմի աշխատանքներին։ Բնականաբար, հայ դերասանների մասնակցությամբ։ Որպեսզի ոչ մի մութ բան չմնա, ասեմ, որ մտադիր եմ սեփական սցենարով ֆիլմերս իրականացնել միայն Հայաստանում։

– Իսկ ինչո՞ւ ոչ ԱՄՆ-ում։

– Առաջին պատճառը՝ բոլոր սցենարներս հայաստանյան են (ժպտում է)։ Երկրորդ՝ ես դեռ ամերիկյան կինոմիջավայրում չեմ սկսել փառատոնային կյանք։

– Իսկ ե՞րբ եք սկսելու փառատոնային կյանք։

– Մեկնարկը կտրվի 2022թ. գարնանը։ Երեք ֆիլմերս կմասնակցեն Բոստոնում, Տորոնտոյում եւ Ֆլորիդայում կայանալիք փառատոներին։ Երջանկահիշատակ բարեկամս՝ Դեյվիդը, ինձ համար կինոճանապարհային քարտեզ էր գծել, որի վերջին կետը ֆիլմերիս մասնակցությունն է փառատոներին։

– Չենք կարող չհետաքրքրվել՝ մի կո՞ղմ եք դրել մնջախաղը։

– Իհարկե՝ ոչ։ Շուտով ՆՓԱԿ-ում հանդես կգամ մոնոներկայացմամբ, իսկ մայիսի 29-ին «Նարեկացի» արվեստի միությունում կհրավիրեմ սեմինար՝ նվիրված Հայաստանում մնջախաղի հիմնադիր Արսեն Փոլադովի հիշատակին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31