Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային երգ-երաժշտությունից մինչեւ աշխարհահռչակ Արմանդ Ամարի եւ Ջորդի Սավալի հետ համագործակցություն

Մայիս 27,2021 12:30

Արամ Մովսիսյանը ներկայացրեց այն միջազգային հնչեղ նախագծերը, որոնցում ընդգրկված է

Արամ Մովսիսյանը ներգրավված է մի շարք միջազգային նախագծերում: «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ադեն 10 տարի է, ինչ համերգային ծրագրերով հանդես է գալիս արտասահմանում՝ ներկայացնելով հայկական ավանդական երգ-երաժշտությունը:

Արամ Մովսիսյանի խոսքով, յուրաքանչյուր համերգային ծրագիր մեծ իրադարձություն է իր համար, իսկ ամենավերջին նախագիծը համավարակից առաջ էր:

«Հրավեր ստացա աշխարհահռչակ կոմպոզիտոր Արմանդ Ամարից, որը հայտնի է որպես բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերի երաժշտության եւ «Լեյլի Մեջնուն» միջազգային էթնիկ օպերա նախագծի հեղինակ: «Լեյլի Մեջնուն» միջազգային էթնիկ օպերայի նախագծում մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` այդ թվում ֆրանսիացի, մոնղոլ, արաբ, պարսիկ եւ այլն: Ես ներկայացրել եմ հայկական երգն ու մշակույթը: Օպերայի համերգային կատարումը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում: Երբ առաջին ելույթը համարվեց հաջողված սկիզբ, դրան հետեւեց նախագծում մշտական դերով հանդես գալու ինձ ուղղված առաջարկը, այսինքն՝ այդ մեծ երաժշտական գունապնակում հայկական ավանդական վառ գույնը նույնպես իր տեղը գտավ»,-պատմեց երաժիշտը:

Շարունակելով միջազգային ասպարեզում հայ երգը ներկայացնելու թեման` նա կարեւորեց աշխարհահռչակ կատալունացի երաժշտագետ, ազգագրագետ, խմբավար, վիոլե դե գամբա գործիքի կատարող Ջորդի Սավալի հետ համագործակցությունը. «Սավալը շատ է սիրում հայկական երաժշտությունը եւ հիմնել է «Հայի ոգին» խորագրով մի նախագիծ: Այդ համերգային ծրագիրը լայն ճանաչում է ստացել աշխարհում: Ի սկզբանե այդ նախագծում ներկայացված էր Ռազմիկ Ամյանը, այնուհետեւ՝ ես: Ծրագրում ներառված են հայկական ժողովրդական, գուսանական եւ հոգեւոր երգեր: Համերգների ժամանակ հանդիսատեսին բաժանվում են բուկլետներ, որտեղ ներկայացվում է, թե այդ ստեղծագործություններն ինչի մասին են»:

Արամ Մովսիսյանն ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան, այնուհետեւ սկսել համագործակցել տարբեր խմբերի հետ, այդ թվում` Հայաստանի պետական ժողովրդական գուսանական անսամբլ, «Վան պրոջեքտ», «Գուսան» անսամբլ: Մեզ հետ զրույցի ընթացքում Արամն անդրադարձավ իր ձեւակերպմամբ՝ տեսակով եզակի մի համերգի, որի ընթացքում գերմանական երգչախումբը կատարել է Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը` Գրիգոր Նարեկացու խոսքերով: «Համերգի կազմակերպիչները ցանկություն էին հայտնել, որ այդ համերգին հնչի նաեւ հայկական երաժշտություն, որպես երգիչ եւ դափահար հանդես ենք եկել ես, քամանչահար Գագիկ Մուրադյանը, դուդուկահարներ Հայկ Սարիկույումջյանը, Գեորգի Մինասյանը, թառահար Ալեքսանդր Սահակյանը»,-ասաց նա:
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ վերջերս կայացած Դուդուկի միջազգային փառատոնից, որի ժյուրիի կազմում էր: Ասաց, որ անչափ կարեւորում է այդ անցկացումը, որը եւս մեկ անգամ աշխարհին ի ցույց դրեց, որ դուդուկի մշակույթը, դպրոցը, հայրենիքը Հայաստանն է: Հարցրինք` եղե՞լ է, որ միջազգային նախագծերում նաեւ թառ օգտագործվի, Արամը հիշեց մի նախագիծ, որը «Եռախոսություն» է կոչվում: Նախագծում ինքն էր, թառահար Ալեքսանդր Սահակյանը, իսկ եռախոսություն, որովհետեւ այդ եռախոսությունն ամփոփում են թառը, դափը եւ երգը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արամ Մովսիսյանը

«Առավոտ» օրաթերթ
26.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31