Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ռուս խաղաղապահներին թույլ չի տալիս Շուշի մտնել

Մայիս 27,2021 12:00

Ռուսական ներկայության նշույլներ մնացե՞լ են, թե՞ նրանց պարզապես դուրս են հրավիրել Շուշիից…

Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության պահպանության թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Երեւանի եւ Բաքվի հետ, սա Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն է՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը հեռացնելու հարցի համատեքստում: Զախարովայի խոսքով, հարցը քննարկվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի կեսերին Հայաստան եւ Ադրբեջան կատարված այցի ընթացքում:

Ռուսաստանն արդեն վաղուց նման այս թեմայով հարցերի դեպքում հիշեցնում է, որ սպասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը, այսինքն, ՌԴ-ից ակնկալիքներ առանձնապես չպետք է ունենալ: Այնուհետեւ Զախարովան ուշագրավ մի միտք է արտահայտել, թե համանախագահների՝ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ նշվում է. «…կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը վերաբերում են այն հարցերին, որոնք Հայաստանից ու Ադրբեջանից պահանջում են լրացուցիչ ջանքեր գործադրել»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես ցանկացած թեմայով հանդես են եկել «բալանսավորված» գնահատականներով, լինեն դրանք՝ շփման գծում ադրբեջանական սադրանքներն ու դիվերսիաները, թե այլ հարցեր: Այդ երբանի՞ց է Ռուսաստանի համար համանախագահների հայտարարությունները հիմք դարձել, մասնավորապես այդ օրվա այս գնահատականը՝ «Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ հարկավոր են լրացուցիչ ջանքեր` դեռեւս մնացած հարցերը լուծելու»: Ռուսական կողմն արդեն մշակութային ժառանգության նկատմամբ վարվող կործանիչ քաղաքականության հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշաննե՞ր է դնում: Թե՞ սեփական անկարողությունը թաքցնելու նոր ձեւ են գտնվել:

Հիմա գանք ռուսական կողմի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն անվերջ հիշատակելու փաստին: Մոսկվան չգիտի՞, որ մինչ այսօր պաշտոնական Բաքուն չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան: Թե՞ ավելի հարմար է պատասխանատվությունը գցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա՝ շատ լավ իմանալով, որ միեւնույն է՝ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի անկախ փորձագետները այցելեն եւ տեղում ծանոթանան իրավիճակին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին Պուտինը խոսեց արդեն նոյեմբերի եռակողմ հայտարարության ստորագրումից 10 օր անց՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում հուշարձանների եւ սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարեւոր է, եւ այստեղ շատ պահանջվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: «Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ», – ասել էր նա:

Իսկ դեկտեմբերի սկզբին ՌԴ ԱԳՆ-ն հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտակա ժամանակաշրջանում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղ: «Մենք հույս ունենք, որ առաքելությունը, որը ձեւավորվել է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համագործակցության շրջանակներում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանման եւ պաշտպանության ոլորտներում մասնագիտացած ՀԿ-ների մասնակցությամբ, մոտակա ժամանակներում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղ եւ տեղում տա իրավիճակի օբյեկտիվ գնահատական»,- նշել էր Զախարովան։ Նա նաեւ ընդգծել էր, որ Մոսկվան աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի նախաձեռնությանը Լեռնային Ղարաբաղ ուղարկել փորձագետների։

Ինչպես նկատում ենք, ռուսական կողմը հատուկ ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորությունները, կարծես նպատակ ունենալ ռուսական խաղաղապահ առաքելության վրայից հեռացնել այդ պատասխանատվությունը:

Մինչդեռ ի՞նչ էր խոստանում ռուսական կողմը նոյեմբերին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մի քանի օր անց… Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում, նոյեմբերի 14-ին տեղեկացրեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ապա Yerevan.Today-ի մոսկովյան աղբյուրները հայտնեցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի եւ Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ դրա ընթացքում ՌԴ նախագահն Ալիեւին ասել է՝ «Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու»:

Սակայն այս զրույցից որոշ ժամանակ անց սկսեցին իրար հաջորդել տեղեկություններ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող վանդալիզմի դեմքերի մասին: Վերջին թարմ դեպքը մայիսի սկզբին էր, երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ՝ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգեւոր մշակութային կարեւորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ «Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածում։ Այսպես կոչված՝ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգեւոր մշակութային կարեւորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում հայկական մշակութային արժեքներին, եւ արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում»,- գրել էր նա՝ հավելելով, որ Ադրբեջանի նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ մայիսի 4-ին հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն. «Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։ Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսեւորում են եւ նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են»։

Ռուսական կողմից, այսպիսով, ավելին սպասել չարժե: Նրանք հազիվ լուծում են իրենց ներկայության հարցը ու դեռ պարզ չէ, որքան նրանց կհաջողվի մնալ Լեռնային Ղարաբաղում: Այն տկար կեցվածքը, որն այսօր դրսեւորում է Ռուսաստանը, պարզապես ապշեցուցիչ է, եւ այդ փաստը հիմքեր չի տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանին կհաջողվի կարգի հրավիրել ադրբեջանական կողմին:

Ավելին, մեր տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին թույլ չի տալիս անգամ Շուշի մտնել, նրանք կանգնած են դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում: Եվ այստեղ հարց է ծագում՝ առհասարակ ռուսական ներկայության նշույլներ մնացե՞լ են, թե՞ ռուս խաղաղապահներին պարզապես դուրս են հրավիրել Շուշիից…

Ու եթե Ադրբեջանն արդեն իսկ արգելում է ռուս խաղաղապահներին Շուշի մտնել՝ ի՞նչ է նրանց սպասում մեկ, երկու տարի հետո… Այս տեմպերով դեպքերի զարգացման պարագայում ռուսական խաղաղապահ առաքելությանը չորսուկես տարի հազիվ թե հաջողվի ներկայություն պահպանել Լեռնային Ղարաբաղում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31