Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իրավական-քաղաքական կարգավիճակի մասին

Մայիս 27,2021 13:30

Սույն հոդվածը հրապարակվել է անգլերեն լեզվով The Armenian Mirror Spectator պարբերականի կողմից ս.թ. ապրիլի 24-ին եւ Greek City Times-ի կողմից՝ ս.թ. ապրիլի 8-ին եւ հանդիսանում է 2020թ. հոկտեմբերի 9-ին Aravot.am լրատվական կայքում հրապարակված հոդվածի ընդլայնված տարբերակը:

Անցած տասնամյակների ընթացքում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնիշխան կարգավիճակի ճանաչման քննարկումներ են ընթանում:

Քննարկումների ու քաղաքական բանակցությունների հիմնական ձեւաչափում Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դիտվում են որպես երկու իրարամերժ հարցեր: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա է՛լ ավելի լարեց եւ բարդացրեց բախումը` չնայած Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից արցախյան խնդիրը լուծված լինելու մասին միակողմանի հայտարարություններին: Արցախյան Երկրորդ պատերազմի (2020թ.) արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի մասնակի գրավման փաստը Հանրապետության իրավական-քաղաքական կարգավիճակի վերացում չի ենթադրում:

Արցախի կարգավիճակը, կարելի է պնդել, պետք է դիտարկել ներկայացվող հետեւյալ հայեցակարգային մոտեցմամբ: Ստորեւ բերվող տեղեկությունը մեծապես կօգնի հանրության լայն շրջանակներին հասկանալու Արցախի իրավական-քաղաքական կարգավիճակը: Այն ուղղորդում է ձեւավորելու պատկերացումն այն մասին, թե՝

ա) Ինչպե՞ս են Արցախի քաղաքական կարգավիճակը եւ իրավունքներն ընկալվում տարածաշրջանում (այդ թվում` Ադրբեջանում) եւ նրանից դուրս,

բ) Ի՞նչ իրավական հիմք է ապահովվում հետագայում Արցախի կողմից հնարավոր գործողությունների համար:

Հետեւյալ տասը հաջորդական կետերն ուղղված են ձեւավորելու Արցախի կարգավիճակի հիմքն ու հիմնավորումը:

1) 1990թ.-ի դրությամբ, ինչպես Արցախը (այն ժամանակ` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը կամ ԼՂԻՄ), այնպես էլ Ադրբեջանը (նախկին Խորհրդային Ադրբեջանի մնացած մասը) հանդիսանում էին մեկ ինքնիշխան միավորի` Խորհրդային Միության (ԽՍՀՄ) մաս: Եվ կարեւոր է պարզել, թե որքանով է Արցախի կարգավիճակը ձեւավորվել գործող օրենսդրությանը համապատասխան:

2) 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ-ն ընդունել է օրենք (թիվ 1409-I՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի կարգավորման ընթացակարգի մասին» կամ ռուսերեն օրիգինալ տարբերակով՝ Закон СССР N 1409-I «О ПОРЯДКЕ РЕШЕНИЯ ВОПРОСОВ, СВЯЗАННЫХ С ВЫХОДОМ СОЮЗНОЙ РЕСПУБЛИКИ ИЗ СССР»), որով կարգավորվում էին Միության կազմից միութենական հանրապետությունների եւ ինքնավար միավորների (այդ թվում` ինքնավար մարզերի) դուրս գալու պայմանները: Կարգավորումն ընդգրկում էր անգամ էթնիկ խմբերի կողմից խիտ բնակեցված ինքնավարություն չունեցող տարածքները:

3) Համաձայն վերը նշված օրենքի 3-րդ հոդվածի, միութենական հանրապետության կազմում գտնվող յուրաքանչյուր ինքնավար միավորի (այդ թվում` ԼՂԻՄ Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող) տրվում էր Միությունից դուրս գալու նպատակով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու իրավունք: Այդ իրավունքը հանդիսանում էր հանրաքվեն որպես ինքնիշխանություն ձեռք բերելու միակ օրինական ուղի: Պարզ ասած, յուրաքանչյուր ինքնավար միավոր (օրինակ, ԼՂԻՄ) ուներ հանրաքվեի արդյունքում ԽՍՀՄ կազմից դուրս գալու իր ինքնուրույն իրավունքը:

4) 1991թ. դեկտեմբերի 10-ին, պահպանելով գործող օրենսդրության պահանջները, ԼՂԻՄ տարածքում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (այժմ` Արցախի Հանրապետություն):

5) Համաձայն վերոհիշյալ օրենքի 6-րդ հոդվածի, հանրաքվեի արդյունքները պետք է դիտարկվեին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի (խորհրդարանի) կողմից` Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ համատեղ: Սակայն, հանրաքվեի արդյունքները հրապարակվելու օրվանից մինչեւ ԽՍՀՄ գոյությունը դադարելու պահը (1991թ. դեկտեմբերի 26-ի 00:00 ժամը), Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի արդյունքները դիտարկելու որեւէ գործողություն չի իրականացվել: ԽՍՀՄ գործող օրենսդրությունը հարցի լուծման այլ տարբերակ չէր նախատեսում: Այսպիսով, ԽՍՀՄ լուծարման արդյունքում, Խորհրդային Ադրբեջանի տարածքի վրա առաջացան երկու ինքնիշխան պետություն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ներկայիս` Արցախի Հանրապետությունը) եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Բացի այդ, 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված «Պետական անկախության մասին» սահմանադրական օրենքով Ադրբեջանը հայտարարեց իր ինքնիշխանությունը, որով սահմանվեց, որ (ներկայիս) Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ.) իրավահաջորդն է: Հատուկ հիշատակման կարեւոր տարրն այն է, որ վերջինս երբեք չի ներառել Լեռնային Ղարաբաղը իր տարածքի կազմում: Բացի այդ, նշված օրենքով խորհրդային իշխանությունը բնութագրվում է որպես «զավթում»: Այս տեսակ իրավական սահմանումը հանգեցնում է զավթումն իրականացրած տերության կողմից նախաձեռնած բոլոր իրավական գործողությունների չեղարկումը, մասնավորապես, 1920-ականների սկզբին Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ներառումը:

Եվ վերջապես, Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեն անցկացրել է (կրկնենք` Միությունից ինքնիշխանություն ձեռք բերելու միակ իրավական ճանապարհը) ԽՍՀՄ գոյությունը դադարելու պահից միայն ԵՐԵՔ ՕՐ ԱՆՑ (1991թ. դեկտեմբերի 29-ին): Սույն փաստը պարզաբանում է, որ մինչ ԽՍՀՄ որպես ինքնիշխան իրավաքաղաքական միավորի գոյության դադարեցումը (1991թ. դեկտեմբերի 26-ը), Ադրբեջանը շարունակել է ԽՍՀՄ կազմում հանրապետություն հանդիսանալ եւ, մինչ այդ պահը չի կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունները:

6) Իրավական առումով անկախություն ձեռք բերելուց հետո (այստեղ հարկ է շեշտել, որ մինչ այդ պահը նախկին ԽՍՀՄ միավորները ինքնուրույն բանակ չէին կարող ունենալ), Ադրբեջանը սանձազերծել է չհայտարարված պատերազմ Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Վերջինս ինքնապաշտպանվել է, պահպանել իր տարածքի մեծ մասը (ԼՂԻՄ սահմանների շրջանակում) եւ ազատագրել հարակից տարածքներ: Պատերազմի ժամանակ հակահարձակման արդյունքում ձեռք բերված տարածքները չեն կարող համարվել «ապօրինի գրավված», եւ դրանք դառնում են հետագա խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկա, ինչպես, օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում կայսերական Գերմանիայից Ֆրանսիային անցած Ալզաս-Լորեյն տարածաշրջանը կամ Ռուսաստանի Կալինինգրադի մարզը, որը ձեռք է բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում նացիստական Գերմանիայից:

7) 1994թ. դրությամբ, երբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ներկայացուցիչը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին ստորագրեցին զինադադարի համաձայնագիրը (որն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ին), Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնիշխան կարգավիճակը տարածվեց նախկին ԼՂԻՄ, ինչպես նաեւ նոր ազատագրված տարածքների վրա` մինչեւ որ վերջիններիս կարգավիճակը կսահմանվեր բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Այստեղ հարկ է նշել 1993թ. ՄԱԿ-ի չորս բանաձեւերի մասին (ապրիլի 30-ի, հուլիսի 29-ի, հոկտեմբերի 14-ի եւ նոյեմբերի 12-ի), որոնց Ադրբեջանը մատնանշում է որպես Լեռնային Ղարաբաղն իր տարածքը համարելու հիմնավորում: Բոլոր չորս բանաձեւերն ընդունվել են 1993թ.-ին, երբ Ղարաբաղի պաշտպանական ուժերը, հակահարձակման միջոցով, ազատագրում էին անվտանգության գոտին` ԼՂԻՄ շուրջը գտնվող տարածքները: Այդ բոլոր դեպքերում բանաձեւերում սահմանված կարեւորագույն նախապայմանը, նախ եւ առաջ, ենթադրում էր Ադրբեջանի կողմից «բռնության դադարեցում», որը Ադրբեջանը երբեւէ չկատարեց (մինչ 1994թ. մայիսի զինադադարը): Այս փաստը անտեսելը եւ այլ հանգամանքները համատեքստից դուրս դիտարկելը ոչ այլ ինչ է, քան պարզապես միջազգային հասարակական կարծիքի մանիպուլյացիա:

8) Իր սահմանների կազմում, ինչպես նշվել է կետ 7-ում, Լեռնային Ղարաբաղը (Արցախը) իրավունք ունի ինքնիշխան քաղաքական որոշումներ ընդունելու: Վերը նշված տեղեկատվության հիման վրա, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ներկայիս կարգավիճակն ավելի ամբողջական է, քան միայն ազգերի ինքնորոշման համընդհանուր իրավունքը: Այն տարածվում է Արցախի Հանրապետության` նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս տարածքի վրա` ամրագրելով այն 1994թ. մայիսի 12-ի դրությամբ փաստացի սահմանների (զինադադարի սահմանագծի) շրջանակում: Այսպիսով, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) համար հարցը ԻՆՉՊԵՍ ԻՐ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԻՐ ԻՍԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ:

9) 1992թ.-ից մինչ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը, խնդրի շրջանակներում ներգրավված այլ մասնակիցների հետ միասին (որպես կողմեր կամ միջնորդներ, մասնավորապես` Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ՄԱԿ-ի կողմից լիազորված ԵԱՀԿ-ն ու վերջինիս Մինսկի խումբը եւ իր համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան), շարունակաբար եւ հետեւողականորեն հաստատել են խնդրի ռազմական լուծման անընդունելիության մասին, եւ որ խաղաղ կարգավորումը միակ ընդունելի լուծումն է: Բանակցային յուրաքանչյուր քննարկմանը հաջորդող սույն սկզբունք-մոտեցման հետեւողական շեշտադրումը խնդրի լուծման գործընթացի ձեւաչափը (ինչպես որ ՄԱԿ-ի կողմից լիազորվել է ԵԱՀԿ-ն) խախտելու դեպքում ռազմական գործողություն նախաձեռնող կողմին դարձնում է իրավական առումով պատասխանատու: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի հանդեպ հարձակում իրականացնելով, այսպիսով, Ադրբեջանը դարձավ խաղաղ կարգավորման ճանապարհի խախտման իրավական պատասխանատուն:

10) 2020թ. նոյեմբերի 26-ին Ֆրանսիական Հանրապետության Սենատն ընդունեց բանաձեւ, որով դիմեց «ֆրանսիական իշխանություններին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները երաշխավորելու Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրով ձեւավորված 1994թ.-ի դրությամբ առկա սահմանների վերականգնումը»: Սույն բանաձեւն ընդգծում է, որ իրավական առումով մինչ խաղաղության պայմանագրի գոյությունը, Արցախի (1994թ. մայիսի 12-ի դրությամբ) ձեւավորված սահմանը զինադադարի հաստատման պահին փաստացի գոյություն ունեցողն է:

Արցախի խնդիրը լուծված չէ` չնայած Ադրբեջանի ներկա հռետորաբանությանը, որն ավելի շատ քարոզչական բնույթ է կրում` նպատակ ունենալով իրեն ներկայացնելու եւ առաջ մղելու որպես խնդրի երկարաժամկետ խաղաղությանը նվիրված միակ կողմ: Հարատեւ խաղաղություն կարող է հաստատվել միայն Արցախի ժողովրդի իրավունքներն իրականացնելու միջոցով: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտոնական դիվանագիտության, հայկական սփյուռքի կազմակերպությունների, ինչպես նաեւ ժողովրդական դիվանագիտության եւ «փափուկ ուժի» կիրառման հետեւողական ջանքերը ենթադրում են երկարատեւ գործընթաց` ուղղված՝ հասնելու Արցախի արդեն (1991թ.-ից) նվաճած ինքնիշխանության ճանաչմանը, այսինքն, պաշտպանելու իր ժողովրդի թե՛ ինքնորոշման եւ թե՛ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
ք. Հոնկոնգ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31