Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա մնում է պարզել՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը ստիպվա՞ծ են մտել ՔՊ ցուցակ, թե՞ հոժարակամ. Թունյանի բացատրությունները՝ բիզնեսմենների մասին

Մայիս 26,2021 23:50

2018-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գործարարի կարգավիճակն այնքան բարձր ու այնքան պատվավոր պետք է լինի, որ յուրաքանչյուր օրինապահ գործարար այնքան պաշտպանված լինի, որ պատգամավորի կամ նախարարի կարգավիճակը ոչնչով գրավիչ չլինի նրա համար։ Ահա այս հենքի վրա մենք պիտի փորձենք լուծել նաև Երրորդ հանրապետության առանցքային թնջուկներից մեկը, բիզնեսի և իշխանության տարանջատումը։ Այս խնդիրը ձևակերպելիս նախ և առաջ հասկանում են, թե գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը: Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի և քաղաքականությունը, առավել ևս իշխանությունը չպետք է լինեն փող աշխատելու գործիք որևէ մեկի համար»:

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր, մեկը կարա՞ ինձ բացատրի: Մենք երաշխավորում ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները, պատգամավորի կարգավիճակը որեւէ մեկին ոչ բան կավելացնի, ոչ էլ կպակասեցնի»,- ասել էր Փաշինյանը՝ 2018-ի հոկտեմբերի 24-ին նորից ԱԺ-ում:

Ու այսքանից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպես հայտնի է, գործարարներ Խաչատուր Սուքիասյանին, Գուրգեն Արսենյանին ընդգրկել է իր ցուցակ:

Aravot.am-ը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին խնդրեց բացատրել՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը, առաջ տնտեսական բլոկի զարգացումը կապում էին բիզնեսի ու քաղաքականության տարանջատման հետ, ո՞նց են մոռանում իրենց ասածները: Թունյանը այսպես բացատրեց. «Ես ինքս էլ միշտ դեմ եմ եղել, որ գործարարները մտնեն իշխանություն, բայց մտնեն ստիպված, այսինքն, նրանք գան նրա համար, որ խորհրդարանում լինելը իրենց համար լրացուցիչ պաշտպանություն լինի, կամ խորհրդարանում լինելը իրենց համար լրացուցիչ հնարավորություն ստեղծի, որ իրենք կարողանան դա օգտագործելով՝ իրենց բիզնեսի համար ինչ-որ օգուտներ քաղել: Այ այդ նպատակահարմարությունից, կամ այդ պատճառներով գործարարի՝ խորհրդարան գալը ամենաբացասական երեւույթն է: Մենք ներկայիս խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ խոշոր գործարար չունենք: Հիմա ունենք թեկնածու, որոնք գործարար են կամ սեփականատեր են՝ չգիտեմ, էական չի:

Հիմա ամբողջ հարցը հետեւյալն է, թե այս մարդիկ ինչի՞ են գալիս: Դա շատ կարեւոր է: Եթե նայում ենք պատճառները՝ իրենք գալիս են, որ պաշտպանվա՞ծ լինեն, թե՞ գալիս են, որ իրենց օգուտներն ունենան, դա պետք է համեմատության մեջ նայենք, որովհետեւ չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ պատգամավոր դառնալով, իր համար լրացուցիչ պաշտպանություն է դրանով ստեղծելու, կամ լրացուցիչ տնտեսական օգուտներ է իրեն պատկանող բիզնեսների համար ակնկալելու: Բայց եկեք համեմատության մեջ նայենք: Օրինակ, մեզ հետ մրցակցող քաղաքական ուժերի կազմում ինչ գործարարներ կան եւ տարբերությունը նախկինի ու ներկայի հենց այդ է: Մեր ընդդիմադիր խմբակցությունների մեջ անգամներով, եթե չասենք տասնյակ անգամներով ավելի շատ գործարարներ կան, քան մեր խմբակցությունում: Այսինքն, բիզնեսի համար ավելի նպատակահարմար է այսօր դարձել մտնել ոչ թե իշխող խմբակցություն, այլ՝ ընդդիմադիր: Բիզնեսն այսօր չի վախենում ակնհայտ իր քաղաքական սիմպատիաները ցույց տալ ու դա  շատ նորմալ երեւույթ է: Ինչ վերաբերում է, որ այդ մարդիկ՝ 2 հոգի, մեր ցուցակում են, իհարկե, ասել ենք, որ դա չի նշանակում, որ իրենք ինչ-որ բաներ պետք է ակնկալեն լրացուցիչ, բայց որեւէ մեկը իրենց չի էլ արգելում: Իրենք էլ ՀՀ քաղաքացի են ու ունեն նույն  իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները»:

Մեր դիտարկմանը՝ ընդդիմությունը չի ասել, որ մենք խորհրդարան չենք բերելու գործարարներ, դա դուք եք ասել, հետեւաբար, այդ  սկզբունքին պիտի դուք հետեւեիք՝ Թունյանն  արձագանքեց. «Մենք ասել ենք, որ բիզնեսի համար չպետք է պայմաններն այնպիսին  լինեն, որ իրենք ստիպված մտնեն քաղաքականություն՝ որպես տանիք: Կարծում եմ, այդ մեր խոստումն աշխատում է: Որեւէ մեկը չի կարող ասել, որ Խաչատուր Սուքիասյանը կամ Գուրգեն  Արսենյանը գալիս են խորհրդարան, որպեսզի իրենք ավելի պաշտպանված լինեն, կամ լրացուցիչ որեւէ օգուտ ունենան»:

Բա ինչի՞ համար են գալիս՝ հարցին ի պատասխան Բաբկեն Թունյանն ասաց. «Դա արդեն  ճիշտ կլինի իրենց հարցնեք»:

Երբ հիշեցրինք՝ նախկինում էլ ԱԺ բոլոր գործարար պատգամավորները՝ Գարեգին Նուշիկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը նույն բացատրություններն էին տալիս, ասում էին՝ երկրին ենք ծառայում, տանիք չի մեզ համար ԱԺ-ն՝ Թունյանն արձագանքեց. «Այն ժամանակ դուք չէիք գտնի ընդդիմադիր խմբակցությունների մեջ պատգամավորներ, որոնք դոլարային միլիոնատերեր էին եւ ընդդիմադիր էին ընդգծված, իսկ հիմա կգտնեք: Այ դա՛ է տարբերությունը»:

Թունյանն ասաց, որ հիմա գործարարները ոչ միայն հանգիստ ընդդիմադիր են դառնում, այլ նաեւ չեն վախենում անկաշկանդ արտահայտել իրենց տեսակետը, նույնիսկ վիրավորական քննադատություն անել իշխանությանը՝ չվախենալով, որ կարող է պրոբլեմներ ունենան, ու դա շատ լավ է:

Հարցին՝ դուք առաջ ասում էիք, որ քաղաքականությունը գործարարների տեղը չէ, հիմա ստացվում է, որ քաղաքականությունը գործարարների տե՞ղն է՝ Թունյանը պատասխանեց. «Քաղաքականությունը կարող է բոլորի տեղը լինի: Ավելի կարեւոր է՝ պայմանները ստիպո՞ւմ են գործարարին, որ լրացուցիչ պաշտպանություն փնտրի քաղաքականության մեջ, թե՞ դա թողնված է իր սեփական քաղաքական նախասիրություններին: Եթե թողնված է իր նախասիրություններին, իր որոշմանը, դա նորմալ է: Եթե ստիպված է անում ինչ-որ բան, դա բացասական երեւույթ է: Իմ կարծիքով, մեզ մոտ հիմա այն վիճակն է, որ գործարարը շատ ազատ է»:

Հարցրեցինք՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ բիզնեսն ու քաղաքականությունը չեն տարանջատվում, միաձուլվում են եւ գալիս է փողի ազդեցությունը քաղաքականության վրա՝ Թունյանը պատասխանեց. «Եթե դուք ակնկալում եք իշխանություն ձեւավորել, ունենալ 50%-ից ավելի պատգամավորներ ու 200 թեկնածուների մեջ ունենք 2 գործարար, դա ընդհանրապես չի նշանակում, որ մենք ունենք բիզնեսի ու քաղաքականության սերտաճում: Եթե մեզ մոտ այդ գործարար ծագում ունեցող պատգամավորը չի գալու իր բիզնես շահերի լոբբինգն այստեղ անի, դա նշանակում է, որ մենք չունենք բիզնեսի ու քաղաքականության սերտաճում: Եթե նա չի գալու, որ դրանով պաշտպանվի, դա նշանակում է՝ չունենք: Դա նշանակում է, որ ունենք ամենատարբեր կատեգորիաների ներկայացուցիչներ, որոնք ներկայացված են խորհրդարանում ու իրենք իրենց մանդատն ի շահ իրենց բիզնեսի օգտագործելու իրավունք չեն ունենալու»:

Ճշտեցինք՝ դուք անձամբ ողջունո՞ւմ եք նրանց ներկայությունը խորհրդարանում՝ Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Ես նորմալ եմ համարում, որովհետեւ իմ համար ավելի կարեւոր է, թե այն մարդը, որը գալիս է խորհրդարան, ինչ արժեհամակարգի ներկայացուցիչ է, կրթական ինչ ցենզ ունի եւ ընդհանրապես իր ընկալումն ինչպիսին է: Եթե ինքը նորմալ, գրագետ, կիրթ, ադեկվատ մարդ է, որը երկրի մասին մտածում է, պրոֆեսիոնալ է իր գործի մեջ, ապա ողջունեի է: Այդ թվում՝ նաեւ մեր գործընկեր  խմբակցությունների մեջ: Բայց եթե մարդը գալու է ու փորձելու է իր ընկերությանը  վերաբերող նախագծերի ժամանակ լոբբինգ անել, ագիտացիա անել, դա արդեն նշանակում է, որ խնդիր ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31