Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականություն վերադառնում եմ, հանուն արդարության, ոչ ամենևին խանդավառված, այլ մտահոգ ու վճռական. Ստյոպա Սաֆարյան

Մայիս 26,2021 23:30

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես արդեն տեղյակ եք այսօր ԿԸՀ ներկայացված «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակից, քրոջս՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին ընդունել ենք այս արտահերթ ընտրություններին մասնակցելու առաջարկությունը, ինչի համար շնորհակալ ենք դաշինքին, ի դեմս Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, որի կուսակցական ցուցակներով ներկայացվել ենք, և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի։

2013թ․-ից հետո վերցված տևական «քաղաքական/կուսակցական ընդմիջումից» հետո քաղաքականություն վերադառնալու որոշում հեշտ չեմ ընդունել։ 2017թ․ անհաջող փորձն ինձ ավելի էր հեռացրել «մեծ քաղաքականություն» կոչվածից, որովհետև այն ամենևին «մեծ» չի եղել, ավելին՝ «քաղաքականություն» չի եղել։ Ի դեմս իմ կողմից 2014թ․ հիմնադրված Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, ինչպես նաև Ագորա Սթրաթեջի գրուփ միջազգային խորհրդատվական ընկերության, որի ավագ փորձագետ եմ 2019թ․-ից, իհարկե, փորձել եմ ազդել հանրային կարծիքի, միջազգային ու ազգային քաղաքականության որոշումների վրա, բայց հեռու մնալով թիմային քաղաքականությունից։

2018թ․ հեղափոխությունը ինձ համար էլ, ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնության, եղել է երկրի արդիականացման, բարեփոխումների հնարավորություն, որի համար էլ որպես փորձագետ ընդունել եմ ՀՀ կառավարության առաջարկությունը լինելու Հանրային խորհրդում, վերջին տարին նաև որպես այդ կառույցի նախագահ։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետի ու կառավարության կողմից այդ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար, ինչպես և շնորհակալ եմ հանրությանը այս բարդ ժամանակաշրջանում հավատի, համագործակցության ու մեծ ուշադրության համար։ Փաստացի, այդ 1,5 տարվա կեսից ավելին համընկել է գլոբալ համավարակի ու երկրում արտակարգ դրության հայտարարման հետ, ապաև՝ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած ետպատերազմյա դժվարին շրջանի հետ։

Որքան էլ երեք աշխատանքային ծանրաբեռնվություններս արդեն իսկ 2020-ի օգոստոսին հասել էին գագաթնակետին և ես ստիպված էի դեռևս այն ժամանակ ընտրություն կատարել ի վնաս Հանրային խորհրդում մնալու, պատերազմն ու դրանից հետոն ստիպեցին շարունակել իմ պարտականությունների կատարումը երկրի ու մեր ժողովրդի համար այդ դժվարին ու բարդագույն շրջանում մինչև արտահերթ ընտրություններ։ Այսպես թե այնպես՝ Հանրային խորհրդում իմ առաքելությունը ավարտվելու էր ընտրություններից հետո, երբ նոր կառավարությունը, ըստ օրենքի պահանջների, նոր Հանրային խորհուրդ կձևավորեր։ Սակայն դա համընկավ իմ ստացած առաջարկության հետ, և երեկ ՀՀ կառավարություն եմ ուղարկել ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումս, քանի որ ՀԽ մասին օրենքը պահանջում է քաղաքական հարցերում չեզոքություն և իշխանության համար քաղաքական պայքարին մասնակցության անհնարինություն։ Այժմ քաղաքականապես ու անհատապես ավելի ազատ եմ իմ մոտեցումները ամենատարբեր խնդիրներով քաղաքական կյանքի շրջանակներում ներկայացնելու ու արտահայտելու հարցում։

Շնորհակալ եմ կառավարության բոլոր այն գերատեսչություններին ու ղեկավարներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել ենք խնդիրներն ու հանրային շահը վեր հանելու, դրանք պատկան մարմիններին հասցնելու ու համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ՀԽ-ում իմ գործընկերներին, որոնց հետ ինչ-որ խնդիր կարողացել ենք լուծել մեր հասարակության համար։

Վերջապես, քաղաքականություն վերադառնում եմ, հանուն արդարության, ոչ ամենևին խանդավառված, այլ մտահոգ ու վճռական՝ մեր թիմի հետ երկրի այլևս անհետաձգելի անվտանգային ու զարգացման խնդիրների լուծումները բերելու, իշխանության ու քաղաքականության որակը և արդյունավետությունը իմ համեստ կարողությունների ու փորձի շրջանակներում փոխելու հաստատակամությամբ։ Չեմ թաքցնի, այդ որոշումը կայացվել է ոչ միայն մեր երկրի օրհասական խնդիրների, այլ նաև հանրության ու շրջապատիս մի շերտի դրական ճնշման տակ։
Ուրախ կլինեմ մեր այս բարդ ընթացքին ու ճանապարհին Ձեր ցանկացած մեծ ու փոքր աջակցության համար՝ կլինի հանդիպումների կազմակերպում, թիմին անդամագրում, թե այլ կերպ։ Այդ առումով հետադարձ կապի համար գիտեք, թե ինչպես տեղեկացնել։ Իհարկե, նախընտրական ցուցակները դեռևս պետք է հաստատվեն ԿԸՀ կողմից։ Բայց որոշումն այլևս կայացված է։

Ես բարի ընթացք ասելու եմ առաջին հերթին մեր երկրին ու ժողովրդին, որոնք վերածննդի, նոր հաղթանակների ու զարգացման արժանի են»։

Միշտ Ձեր՝ Ստյոպա (Ստեփան) Սաֆարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31