ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր մասնակցեց Աղնջաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Աղնջաձորի միջնակարգ դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվեց աղնջաձորցի հերոս կապիտան Դավիթ Գրիգորյանի, ևս մեկ դասասենյակ էլ շարքային Ժիրայր Եփրեմյանի անվամբ:
Անվանակոչմանը նվիրված արարողությանը ներկա էին նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, զոհված հերոսների հարազատներ և այլ հյուրեր:
Դպրոցում կայացավ «Ցավում ենք և հպարտանում» խորագրով միջոցառում, որը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
Կարդացեք նաև
Աշակերտները հանդես եկան հայրենասիրական, երաժշտական կատարումներով, ներկայացրին իրենց կյանքը հանուն հայրենիքի ազատության նվիրած աղնջաձորցի հերոսների կյանքն ու սխրագործությունները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված անմահ հերոս Դավիթ Գրիգորյանի պարգևը հարազատներին հանձնեց մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Միջոցառման ավարտին մարզպետ Աարարտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և ուսուցչական կոլեկտիվին, և իր խոնարհումի խոսքն ուղղեց այն զինվորների հիշատակի առջև, ովքեր անմնացորդ նվիրումով պաշտպանել են հայրենիքն ու հայ ժողովրդին:
«Հերոսները ծնվում են, բայց չեն մահանում: Մեր սրբազան գործն է շարունակել նրանց գործը, ամրապնդել ու շենացնել մեր երկիրը: Մենք պիտի ապրենք, արարենք, որպեսզի մեր ապագա սերունդները ապրեն խաղաղ, ապահով հայրենիքում: Միայն մեր աշխատանքով կարող ենք ապացուցել, որ ամուր ենք պահելու մեզ փոխանցված այս փխրուն խաղաղությունը», նշեց Արարատ Գրիգորյանը:
Խաղաղ օրերի համար շնորհակալ ենք հայ զինվորին,
Հավերժ փառք ու խոնարհում
ՀՀ Վայոց ձորի մարզպետ