Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունների հետաձգման բոլոր հիմքերը թվարկված են ՀՀ Սահմանադրությամբ, մնացածը բոլորը բառախաղ է». Արմեն Խաչատրյան

Մայիս 26,2021 22:07

«ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդ տեղում Ինեսսա Գաբայանն է՝ մեր թիմի նոր անդամներից»,- ՀՀ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը: Նա ԿԸՀ ներկայացրեց ՀԱԿ նախընտրական ցուցակը:

Հարցին՝ ինչպե՞ս են  ՀԱԿ-ում վերաբերվում դաշինք կազմելու գաղափարին, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը ընտրությունների կգնա ֆորմալ որպես մեկ կուսակցություն, բայց երբ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ անհատների լայն դաշինք է»: Նա հայտնեց՝ այս պահին ՀԱԿ վարչությունն ու Կոնգրեսը դաշինք կազմելու հարց չեն քննարկել: Բայց մյուս կողմից Արմեն Խաչատրյանն ասաց. «Որևէ ուժի հետ կոալիցիա ընդհանրապես որևէ բան չի կարելի բացառել, այդ թվում նաև այն, որ մենք կազմելու ենք որակյալ մեծամասնություն: Այնպես որ, թող ընտրություններն ավարտվեն, քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո, եթե անհրաժեշտություն լինի քննարկման առարկա դարձնել կոալիցիաներ կազմելու հարցը, բնականաբար, դա կանենք»:

Արմեն Խաչատրյանը վստահեցրեց՝ իրենք մտնում են ընտրական պայքար՝ որպես առանձին կուսակցություն և պայքարելու են իրենց կուսակցության և գաղափարների քվեի համար: Նրա համոզմամբ՝ քիչ հավանական է, որ այս ընտրությունները ներքաղաքական ճգնաժամ կլուծեն. «Մենք գտնում ենք, որ այս պահին բոլոր քաղաքական գործընթացները պետք է լուծենք ընտրությունների և քվեարկության միջոցով: Մնացած սրումները և լարումները կարող են մեր երկրի համար նոր աղետալի հետևանքներ ունենալ»:

Լրագրողների դիտարկմանը, իսկ եթե ընտրությունները չեղարկվե՞ն, Արմեն Խաչատրյանն արձագանքեց՝ դրանք չեն կարող չեղարկվել, քանի որ արդեն նշանակված են, կարող են հետաձգվել: Նա փաստեց՝ հետաձգման բոլոր հիմքերը թվարկված են ՀՀ Սահմանադրությամբ: Լրագրողների հակադարձմանը՝ կա կարծիք, որ եթե ռազմական դրություն է հայտարարվում, այդ սկզբունքը չի գործում արտահերթ ընտրությունների դեպքում, այլ միայն հերթականների, Արմեն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ես իրավաբանությանը մի քիչ ավելի լուրջ եմ վերաբերվում, քան այդ բառախաղերն են: Ակնհայտ է, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ ռազմական դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում: Մնացած բառախաղը, որ վերջին օրերին ինձ էլ հպանցիկ հասել է, ուղղակի խայտառակություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31